Պետք չէ ցուցանիշներից ենթադրել, թե սպորտի մեր մասնագետները ցածր գիտելիք ունեն. Գիլոյան

Արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման գործընթացին, որը կայացել էր ապրիլի 29-ին, մասնակցել էր 76 մասնագետ։ Առաջին փուլում, սակայն, արդյունքներն այդքան էլ դրական չեն․ նշված մասնագետներից միայն 8-ին է հաջողվել հաղթահարել կամավոր ատեստավորումը, որոնք էլ հավելավճար ստանալու հնարավորություն կունենան։

Կամավոր ատեստավորմանը կարող էին մասնակցել հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի, սամբոյի և ձյուդոյի մարզիչները։

ՀՀ ԿԳՄՍ սպորտի գծով փոխնախարար Կարեն Գիլոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ պետք չէ այս ցուցանիշներից ենթադրել, որ սպորտի մեր մասնագետները ցածր գիտելիք ունեն կամ լավ պատրաստված չեն։ Ըստ նրա՝ կամավոր ատեստավորմանը մասնակցած որոշ մասնագետներ գուցե տերմինաբանության հետ կապված խնդիրների հետևանքով է, որ չեն հաղթահարել անհրաժեշտ շեմը։

«Սա առաջին փուլն էր և առաջին անգամն էր, որ նրանց շրջանում անցկացվեց կամավոր ատեստավորման գործընթացը։ Շատերը գուցե տերմինաբանության խնդիր են ունեցել, որովհետև իրենք իրենց տերմիններով են անվանում սպորտաձևերի հնարքները։ Օրինակ՝ ըմբշամարտում մարզիչը կարող է հնարքը կոչել «задный» կամ «обратный», իսկ դա թեստում կոչվի «հետադարձ գիծ» կամ «հակադարձ գիծ»։ Սա հնարավոր է իրենց խանգարել է»,- ասում է նա։

Գիլոյանը ընդգծում է՝ ՀՀ սպորտի մասնագետներն ընդհանուր առմամբ լավ պատրաստված են։ Միևնույն ժամանակ, նա խոստովանում է՝ նրանց ատեստավորումից ավելի բարձր ցուցանիշներ էր ակնկալում, լավատեսորեն էր տրամադրված:

«Սպասում էի, որ շատերը կանցնեն, քանի որ, բացի ատեստավորումից, յուրաքանչյուր ֆեդերացիա նաև ինքն է կազմակերպում մարզիչների, մասնագետների համար սեմինարներ, դասընթացներ։ Ամեն ինչ անում ենք, որ որևիցե մարզիչ խնդիր չունենա, բարձր կարգ ստանա։ Բայց սա ապացուցում է, որ մարզչական աշխատանքը ենթադրում է անընդհատ սպասվող աճ, որակի բարձրացում։ Պետք է այնպես անենք, որ հետ չմնանք»,- ընդգծում է փոխնախարարը:

Մարզիչները նաև երկար տարիներ է՝ հնարավորություն ունեն մասնակցելու միջազգային կազմակերպությունների և այլ երկրների ֆեդերացիաների համագործակցության միջոցով կազմակերպվող ծրագրերին։ Ըստ Գիլոյանի՝ Կառավարության այս ծրագիրը նույնպես կարևոր է, քանի որ մասնագետներն իրենց ֆինանսապես ապահով կզգան։

Փոխնախարարի խոսքով՝ այս ցուցանիշը լուրջ խնդիր չէ, քանի որ ուսուցիչների կամավոր ատեստավորման առաջին փուլում արդյունքները նույնպես բարձր չէին, աստիճանաբար պատկերը փոխվել է։ Նա հույս ունի, որ երկրորդ փուլում մասնագետներն ավելի բարձր ցուցանիշներ կունենան և լավ պատրաստված կլինեն։

Ըստ նրա՝ առաջին փուլի իրենց արդյունքներից դժգոհ մասնագետները կարող են բողոքարկել, գործում է բողոքարկման հանձնաժողով․ «Չի կարող լինել մի գործընթաց, որտեղ բողոքներ չլինեն։ Շատերը կարծում են՝ բարդացված էր, շատերի համար նորմալ և լավ գործընթաց էր»:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով էլ՝ այս արդյունքների պատճառն այն է, որ կամավոր ատեստավորման միջոցով չափվում է մարզչի կամ ուսուցչի բազում գործոններից միայն մեկը։

ajax-loader