ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է ևս 9 բուժառու, 7 անձ վերադարձել է

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 9 անձ մարտի 3-ին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ըստ Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության՝ 7 բուժառու, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել է Արցախ։

Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 1 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 144 հիվանդ։

ajax-loader