Ոստիկանության տուգանքների կրկնակի գանձումը կբացառվի․ ԴԱՀԿ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը բարելավում է քաղաքացիների սպասարկման համակարգը: Օրերս ներդրվել է խմբային վճարումների ընդունման նոր ծրագիր, որը հնարավորություն կտա քաղաքացիներին կատարել վճարումներ միաժամանակ մի քանի կատարողական վարույթներով։ Հրավիրած ասուլիսին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության քաղաքացիների սպասարկման բաժնի պետ Խաչատուր Իգիթյանը տեղեկացրեց, որ արդյունքում հեշտացվելու է ինչպես իրենց աշխատակիցների, այնպես էլ քաղաքացիների աշխատանքը:

«Ենթադրենք քաղաքացին 10 վարույթով պետք է կատարեր վճարումներ: Դրա համար առանձին-առանձին գործողություններ կատարելու անհրաժեշտություն կա: Այժմ աշխատակիցը մեկ գործողությամբ ընդհանուր գումարը գանձում է, արդյունքում խնայվում է թե քաղաքացու, թե աշխատակցի ժամանակը»,-ասաց Խաչատուր Իգիթյանը:

Քաղաքացիների սպասարկման գործընթացն առավել բարելավելու համար գլխավոր հարկադիր կատարողի օգնական, մամուլի քարտուղար Վարդուհի Պետրոսյանը ներկայացրեց ներդրված էլեկտրոնային գործիքակազմը: Ծառայության պաշտոնական կայք էջում ներդրվել է «Անձնական գրասենյակ» էլեկտրոնային հարթակը, որտեղ գրանցվելով, քաղաքացին հնարավորություն է ունենալու ծանոթանալու իր նկատմամբ առկա կատարողական վարույթներին, հետևել կատարողական գործողությունների ընթացքին, վճարումների դեպքում հետևել դրանց շարժընթացքին:

«Այս գործիքի նպատակն է քաղաքացուն վերաբերող կատարողական վարույթներին մասնակից դարձնելը, այդ համատեքստում ցանկացած տեղեկատվություն ստանալու համար հասանելիություն, մատչելիություն ապահովելն է: Այս պարագայում քաղաքացին ավելի շուտ է իրազեկվում իր նկատմամբ առկա կատարողական վարույթների մասին, քան ծրարը նրան հասնում է»,-ասաց Վարդուհի Պետրոսյանը: Էլեկտրոնային հարթակն արդեն մոտ մեկ տարի է՝ գործարկվել է: Մեկնարկային փուլում ծրագրից օգտվում էր 2000, այսօր արդեն 7 հազարից ավելի քաղաքացի:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում քաղաքացիների համար նախատեսված սպասարկման սրահն այժմ հասանելի է վերանորոգված ու վերազինված տարբերակով: Ներդրվել է հերթերի կառավարման նոր համակարգ:

Ամենահաճախ հանդիպող խնդիրներից է Ճանապարհային ոստիկանության տուգանքների կրկնակի գանձումը, երբ քաղաքացին վճարում է, սակայն որոշ ժամանակ անց նրա հաշվից կրկին գանձվում է այդ գումարը: Կրկնակի գանձված գումարն էլ հետ վերադարձնելու համար քաղաքացին ստիպված է լինում քաշքշուկների միջով անցնել: Վարդուհի Պետրոսյանը տեղեկացրեց, որ խնդրի լուծման ուղղությամբ համակարգային մոտեցում է ցուցաբերվում:

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Կենտրոնական բանկի և մյուս գործընկերների հետ համապատասխան ծրագրային բարելավումներ է կատարել, որը նպատակ ունի հետագայում բացառել կրկնակի գանձնման գործընթացները: Օրինակ, քաղաքացին խախտումը կատարել է, սակայն ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված ուշ է վճարում, դա այն փուլն է, երբ արդեն վարույթ է հարուցվում ծառայությունում: Նման դեպքում բռնագանձումը կատարվում է ավտոմատ կերպով, և հարկադիր կատարողը չի կարողանում տեսնել այդ պահին քաղաքացին վճարում կատարել է, թե ոչ: Նոր ծրագրով այդ բացերը կլրացվեն ու հետագայում կբացառվեն կրկնակի գանձումները կամ վճարումները»,-ասաց Վարդուհի Պետրոսյանը:

Թե երբ այդ նոր ծրագրային բարելավումը կլինի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչը դժվարացավ ժամկետներ նշել: Միայն ընդգծեց, որ կա պատկան գերատեսչությունների պատրաստակամությունը, ծրագրային սպասարկումը, մնում է այն ամբողջական գործարկվի:

ajax-loader