ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 5-ին անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասում:
Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, պաշտպանության նախարարը շրջել է զորամասում, հետևել օրվա կարգացուցակով նախատեսված ուսումնական մարտավարամասնագիտական պարապմունքների ընթացքին, զրուցել ժամկետային զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայությամբ:
Պաշտպանության նախարարը հորդորել է զինծառայողներին ամենայն պատասխանատվությամբ մոտենալ ուսումնական գործընթացին, սերտել առավելագույնը՝ մշտական ծառայության վայրերում կրտսեր հրամանատարի պարտականությունները պատշաճ կատարելու համար:
Նախարար Պապիկյանը շրջել է զորամասում, ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին և հետևել նոր կառուցվող ճաշարանի շինարարական աշխատանքների ընթացքին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաեւ հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ: