Լրացումներ աշխատանքային օրենսգրքում․ կենսաթոշակային տարիքն այլևս պայմանագրի լուծման հիմք չէ

Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծն ամբողջությամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերից հանվել է կենսաթոշակային տարիքը լրանալու հանգամանքը։

Ըստ փոփոխությունների, գործատուին իրավունք է տրվում կենսաթոշակային տարիքի անձանց հետ կնքել պայմանագիր անորոշ ժամկետով՝ ի տարբերություն գործող կարգավորման, որով սահմանվում է, որ վերջիններիս հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է որոշակի ժամկետով։

Կրճատվել են մինչեւ 18 տարեկան անձանց աշխատաժամանակի տեւողությունները, միաժամանակ սահմանվել է, որ նրանք կարող են աշխատել միայն պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս։

Ընդլայնվել են երեխա ունեցող աշխատողների իրավունքները. հնարավորություն է տրվում ոչ թե մինչեւ մեկ, այլեւ մինչեւ երկու տարեկան երեխա խնամող աշխատողին իրավունք տալ նվազեցնելու իր աշխատաժամանակը։

Վերանայվել է երեխային կրծքով կերակրող կնոջը յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվող լրացուցիչ ընդմիջման մասով կարգավորումը (մինչեւ երեխայի մեկուկես տարին լրանալը)։ Հանվել է երեխային կրծքով կերակրելու պայմանը եւ նախատեսվել, որ բացի հանգստի եւ սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամերից, յուրաքանչյուր երեք ժամը մեկ, կես ժամից ոչ պակաս տեւողությամբ լրացուցիչ ընդմիջում է տրամադրվում մինչեւ երկու տարեկան երեխա ունեցող կնոջը՝ մինչեւ երեխայի երկու տարին լրանալը։

Կատարված փոփոխություններով ամրագրվել է աշխատանքում բռնության կամ սեռական ոտնձգության հասկացությունը, ինչպես նաեւ հստակ ամրագրվել է այդ մասով արգելքը։

Վերանայվել են նաեւ արձակուրդի կարգավորումները. Այսպես. եթե աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդից, ապա գործատուն այն տրամադրում է առանց աշխատողի դիմումի։

Նախատեսվել է օրենսգրքով սահմանված ժամկետներում ամենամյա արձակուրդը աշխատողին չտրամադրելու դեպքում գործատուի կողմից աշխատողին տուժանք վճարելու կարգավորում։ Ամրագրվել է, որ կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաեւ մինչեւ աշխատողի՝ տվյալ գործատուի մոտ անընդհատ աշխատանքի 6 ամիսը լրանալը։

Մինչեւ 2 տարի ժամկետով ուսումնական արձակուրդ ձեւակերպելու հնարավորություն է տրվում՝ աշխատատեղը պահպանելով։

Աշխատանքային պայմանագրում նախատեսվում է պարտադիր ներառել նաեւ գործատուի եւ աշխատողի կողմից միմյանց ծանուցելու եղանակները։

Նախատեսվել է փորձնակության (internship) ինստիտուտը, որը կնպաստի ուսումնական հաստատություններում սովորող կամ այդ հաստատությունները նոր ավարտած (ավարտելուց հետո մեկ տարվա ընթացքում) անձանց աշխատանքային փորձառություն ձեռք բերելուն։

Լրացվել են աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը։

Գործատուն կկարողանա լուծել աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատողի կողմից աշխատանքի անվտանգության կանոնները խախտելու հետեւանքով վտանգվել է անձանց կյանքն ու առողջությունը։

Ինչպես նաեւ՝ աշխատողն անօրինական օգտագործել է գործատուի համակարգչային տեխնիկան կամ տեղեկատվական համակարգերը, որի միջոցով ձեռք է բերել աշխատանքային կամ անձնական տվյալներ եւ իրականացրել է տվյալների անօրինական օգտագործում, որոնք խաթարել են գործատուի բնականոն աշխատանքը։

Այսպես՝ գործատուին հնարավորություն է տրվում նաեւ արտաժամյա աշխատանքի ներգրավել առանց բացառիկ դեպքերի առկայության, եթե աշխատողը տվել է իր գրավոր համաձայնությունը։

Այսուհետ կգործեն աշխատողի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման ճկուն կարգավորումներ. աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել աշխատանքից ազատվելու մասին դիմումում նշված ժամկետում՝ չպահպանելով Աշխատանքային օրենսգրքով սահմանված նախապես ծանուցման 30-օրյա ժամկետը, իսկ պայմանավորվածությունները չպահպանելու դեպքում սահմանվել է գործատուին տուժանք վճարելու պահանջ։

Հաստիքների կրճատման դեպքում աշխատանքում մնալու նախապատվության իրավունք է սահմանվել հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի, ինչպես նաեւ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամության կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամի համար։

Հստակեցվում են վերջնահաշվարկ չկատարելու դեպքերը, վերանայվել են ընդմիջումների տրամադրման կարգավորումները, սահմանվել է, որ աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաեւ փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով՝ կողմերի միջեւ փոխանակմամբ։

Նախատեսվում է չաշխատած օրերի համար վճարված գումարի (երբ աշխատողին տրամադրվել է արձակուրդ չաշխատած ժամանակահատվածի համար եւս) գանձում կատարել նաեւ այն դեպքերում, երբ աշխատողն ազատվում է աշխատանքից որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում, ինչպես նաեւ կողմերի համաձայնությամբ։

Կատարված փոփոխություններով մեղմացվում են գործադուլ հայտարարելու որոշումը կայացնելուն վերաբերող իրավակարգավորումները, որոնք, ի տարբերություն գործող նորմերի, նախատեսում են ավելի քիչ աշխատողների կամահայտնության դեպքում գործադուլ հայտարարելու հնարավորություն (օրինակ, գործատուի մոտ գործադուլի համար գործող կարգավորումներով պահանջվում է աշխատողների ընդհանուր թվի երկու երրորդի ձայների առկայություն, իսկ առաջարկվող փոփոխություններով՝ աշխատողների ընդհանուր թվի առնվազն կեսի ձայների առկայությունը),

Նախագծով վերանայվում են նաեւ աշխատողների ներկայացուցիչներին վերաբերող կարգավորումները։

Որպես աշխատողների ներկայացուցիչների իրավունք՝ նախատեսվում է ամրագրել նաեւ աշխատողների իրավունքները խախտող գործատուի եւ նրա լիազորած անձանց որոշումները եւ գործողությունները դատական կարգով բողոքարկելու իրավունքը։

Նախատեսվում է նաեւ որպես գործատուի պարտավորություն սահմանել (աշխատողների ներկայացուցիչներին իրենց լիազորությունների իրականացման համար) կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված կարգով անհրաժեշտ պայմաններ, տարածք եւ նյութատեխնիկական միջոցներ տրամադրելը։

Նախատեսվում են նաեւ սոցիալական գործընկերությանը, կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններին, արհմիությունների դերին, գործատուի կողմից մասնագիտական ուսուցում կազմակերպելուն վերաբերող, ինչպես նաեւ իրավակիրառ պրակտիկայից բխող մի շարք խնդիրների լուծմանն ու Աշխատանքային օրենսգրքի դրույթները Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներին եւ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին համապատասխանեցնելուն ուղղված այլ փոփոխություններ։

ajax-loader