«Լավագույն գիտական աշխատանք» մրցույթ` երիտասարդ գիտնականների համար, մրցանակային ֆոնդը 8 մլն դրամ է

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ) և Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) հայտարարում են «Լավագույն գիտական աշխատանք»  մրցույթ երիտասարդ գիտնականների համար (մինչև 45 տարեկան):

Սահմանվել են 2-ական մրցանակներ (1-ին և 2-րդ) 4 անվանակարգերում՝

  • ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտություններ
  • քիմիա և Երկրի մասին գիտություններ
  • կյանքի մասին գիտություններ
  • հայագիտություն և հասարակական գիտություններ:

Մրցանակային ընդհանուր ֆոնդը 8 միլիոն դրամ է:

Մրցանակակիրները կպարգևատրվեն դրամական պարգևներով և կարժանանան ՀՀ ԳԱԱ և ՌՀՄ պատվավոր դիպլոմների: Մրցույթին պետք է ներկայացվեն միայն 2021–2023 թթ. հրատարակված գիտական հոդվածներ, հոդվածների շարք,  մենագրություններ կամ արտոնագրված աշխատանքներ:

Ներկայացվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներառի այն կազմակերպության գիտական խորհրդի որոշումը, որտեղ աշխատում է հայտատուն:  Փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև տվյալ բնագավառում գործող որևէ այլ կազմակերպության գիտական խորհրդի միջոցով: Ներկայացնող կազմակերպությունը յուրաքանչյուր անվանակարգում կարող է առաջադրել միայն մեկ աշխատանք:

Փաստաթղթերի ներկայացման ժամկետը 2023թ. մայիսի 1-ից – օգոստոսի 31-ն է: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն 2023թ. հոկտեմբեր ամսին:

Հաղթող կճանաչվեն այն հեղինակները (հեղինակային խումբը),  որոնց գիտական աշխատանքները վերաբերում են գիտության տվյալ բնագավառի ժամանակակից թեմաներին, կունենան գումարային ամենաբարձր ազդեցության գործակից (Impact Factor)  և ամենաշատ հղումներ։

Մրցույթին ներկայացվող փաստաթղթերի ցանկը

  1. հայտատուի դիմում-հայտը (լրացվում է Online),
  2. գիտական խորհրդի որոշումը՝ աշխատանքը մրցույթին ներկայացնելու արժանիության վերաբերյալ,
  3. անձնագրի և սոցիալական քարտի պատճեները,
  4. բանկային անձնական հաշվի համարը,
  5. կենսագրական տվյալները (resume/CV),
  6. վերջին հինգ տարում հրատարակված աշխատանքների ցանկը,
  7. առնվազն 2 երաշխավորագիր (ստորագրված)՝ տրված մասնագետների կողմից (մեկը ցանկալի է լինի արտերկրից),
  8. մրցանակի ներկայացվող աշխատանքը:

Փաստաթղթերի ներկայացման ընթացակարգը

  • Հայտատուն պետք է լրացնի Online դիմում-հայտ հետևյալ հղումով՝ https://forms.gle/U6JXuN6xrDWWHfZb7 (դիմում-հայտն ուղարկելուց առաջ անպայման հարկավոր է այն տպել և ստորագրել):
  • Հայտատուն պետք է ներկայացնի փաստաթղթերի ցանկի 2-8 կետերում նշված ստորագրված փաստաթղթերի ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակները:
  • Ներկայացվող փաստաթղթերի ցանկի 2-8 կետերում նշված փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները հարկավոր է ուղարկել հետևյալ էլ. փոստին՝ [email protected]՝ նամակի Subject դաշտում նշելով մրցույթի անվանումը:
  • Եթե ներկայացվող աշխատանքը կատարված է համահեղինակությամբ, դիմում-հայտին անհրաժեշտ է կցել տեղեկանք, որը կարտացոլի համահեղինակների մասնակցության չափը և ստորագրված կլինի համահեղինակների կողմից:
  • Online լրացված դիմում-հայտը տպված և ստորագրված, ինչպես նաև ներկայացվող փաստաթղթերի ցանկի 2-8 կետերում նշված փաստաթղթերի բնօրինակները ստորագրված և կնքված հարկավոր է  ներկայացնել ՀՀ ԳԱԱ նախագահության գիտակազմակերպական բաժին հետևյալ հասցեով՝ ք. Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան պող. 24, հեռ.՝ 010 58-36-79, 010 56-81-83 (1-36):

Փաստաթղթերի ներկայացման ժամկետը 2023թ. մայիսի 1-ից օգոստոսի 31-ն է:

Մրցութային հանձնաժողով

ajax-loader