Պահուստային ֆոնդից 8 միլիարդ դրամ հատկացվեց ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար

Կառավարության պահուստային ֆոնդից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվեց 8 միլիարդ դրամ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 80 հազար շահառուների 100 000 դրամ միանվագ դրամական աջակցություն տրամադրելու համար:

Կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Ծրագրի շահառուներն են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որոնք սեպտեմբերի 24-ից հետո են բռնի տեղափոխվել Հայաստան։ Աջակցությունից օգտվելու համար շատ կարևոր է, որպեսզի անձը հաշվառված լինի Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։ Այն քաղաքացիները, ովքեր հաշվառում չեն անցել, բազմիցս հորդորել ենք և հիմա էլ հորդորում ենք, որպեսզի հաշվառվեն Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում տեղակայված 60-ից ավելի հումանիտար կենտրոններում»,- ասաց Մկրտչյանը։

ajax-loader