Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թեհրան

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ  Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով եղել է Թեհրանում ( ԻԻՀ) ։  Այցը մեկնարկել է Թեհրանի «Արարատ» մարզական ակումբից։

 Համահայկական խաղերի պատվիրակությունը  նախ շրջայց է կատարել «Արարատ» մարզավանում,  հանդիպել բասկետբոլի տղաների թիմի հետ, որն այդ ընթացքում իրականացնում էր հերթական պարապմունքը։  Սա այն թիմերից է, որն ավանդաբար մասնակցում է համահայկական խաղերին։ 

Ակումբի մեծ թենիսի կորտերում ևս պարապմունքի ժամ է եղել։ Ողջունելով համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակութանը` այստեղ ևս նշել են, որ պատրաստվում են մասնակցել համահայկական խաղերին։ 

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակության հաջորդ այցը եղել է  Իրանի Օլիմպիական կոմիտե։ Զաքարյանին դիմավորել է  ԻՕԿ-ի  նախագահի առաջին տեղակալ դոկտ. Մահին Ֆարհադիզադեն։

«Տեղյակ եմ, որ օլիմպիական կոմիտեն միշտ աջակցել է իրանահայ մարզիկներին խաղերին մասնակցության հարցում և Իրանի պատվիրակությունը միշտ ամենամեծերից է եղել»,- նշել է ՀԽՀԿ նախագահը, հույս հայտնելով, որ այս տարի ևս Իրանից մեծ թվով մարզիկներ կմասնակցեն համահայկական խաղերին`  օլիմպիական կոմիտեի աջակցությամբ։  

Դոկտ. Մահին Ֆարհադիզադեին ողջունել է խաղերի անցկացման գաղափարը, նկատելով, որ որևէ այլ երկրներում նման խաղերի չի հանդիպել և վստահեցրել է, որ Իրանի օլիմպիական կոմիտեն այս խաղերում ևս սատար կկանգնի հայ մարզիկներին միանալու համահայկական մեծ նախաձեռնությանը։ 

Շատ ուրախ եմ հանդիպել մի մարդու ,ով մի լեռ փորձություն է սպորտի բնագավառում։ Տեղեկացված եմ սպորտի բնագավառում ունեցած Ձեր մեծ ավանդի ու կենսափորձի մասին։ Ես ինքնս առաջին հերթին որպես մարզիկ, կջանամ անել հնարավորը, որ մեր երիտասարդները մասնակցեն համահայկական խաղերին։  Հայաստանն ու Իրանը բարեկամ երկրներ են  ու այսպիսի նախաձեռնություններով էլ ավելի են սերտանալու մեր երկրների փոխհարաբերությունները»,- նշել է Մահին Ֆարհադիզադեն։

 Իշխան Զաքարյանը ԻՕԿ փոխնախագահին  փոխացել է  օլիմպիական կոմիտեի նախագահին  ուղղված Համահայկական ամառային 8-րդ խաղերին մասնակցության հրավերը և նշել, որ ուրախ կլինի կոմիտեի պատվիրակությանը դիմավորել Երևանում։ 

Համահայկական Խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակության հաջորդ հանդիպումը  Թեհրանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսյանի հետ է եղել։

Սրբազանը սիրով և մեծ ոգևորությամբ ընդունել է պատվիրակությանը, և նշել, որ ուրախ է իր հարկի տակ քննարկել  համահայկական խաղերի վերաբերյալ նախապատրաստական հարցեր։ Սրբազան հայրը շեշտել է, որ  խաղերի գաղափարը միտված է մեր միասնությանը, մայր հայրենիքում հայ երիտասարդների համախմբմանը, նրանց կապը հայրենիքի հետ պահպանմանը, ուստի պետք է ամեն գնով ջանալ, որ համահայկական խաղերը  ծառայեն հենց այդ նպատակին։ Իշխան Զաքարյանը երախտագիտություն է հայտնել սրբազանին ջերմ խոսքերի ու ընդունելության համար և սիրով հրավիրել Խաղերի պաշտոնական բացմանը, նկատելով, որ Սեպուհ Սրբազանն ամեն անգամ ներկա է գտնվել Համահայկական խաղերի այդ գեղեցիկ արարողությանը։

Թեհրանում Իշխան Զաքարյանի ղեկավարած պատվիրակությունը   հանդիպել է նաև Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության  ու Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարավային իրանահայության պատգամավորներ  Արա Շահվերդեանի և Ռոբերտ Բեգլարեանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համահայկական խաղերի անցկացման օրակարգը, իրանահայության մասնակցության խթանման քայլերը, ինչպես նաեւ Կոմիտեի եւ Իրանի պետական շրջանակների հետ համագործակցությանն ուղղված հարցերը:

Համահայկական խաղերի նախապատրաստական ու կազմակերպչական հարցեր են քննարկվել  նաև  Թեհրանի հայոց Թեմի Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամյանի, փոխատենապետ Վահե Թարոյեանի եւ նույն խորհրդի ձեւավորած համահայկական խաղերի հանձնախմբի անդամների ու մարզամշակութային միությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը  ներկա են եղել «Նաիրի», «Սիփան», «Րաֆֆի», «Արարատ», «Սարդարապատ»  մարզամշակութային  միությունների , Հայկական բարեգործական և Հայ համալսարանական ընդհանուր  միությունների, Իրանի հայ արհեստավորների և  ազգային մշակութային միությունների ներկայացուցիչները։  

Նորաստեղծ խորհրդի հետ  մոտ երկու ու կես ժամ տևած համատեղ նիստի ընթացքում քննարկվել են Համահայկական ամառային 8-րդ խաղերին իրանահայ մարզիկների մասնակցությանն առնչվող հարցերը, առկա խնդիրներն ու  դրանց լուծման ուղիները։ Անդրադարձ է եղել նաև խաղերի մարզաձևերին ու կանոնակարգային որոշ հարցերին։ Ի պատասխան հնչած հարցերի, կոմիտեի նախագահը  ևս մեկ անգամ շեշտվել է, որ Համահայկական խաղերի նպատակը հայության համախմբումն է՝ սպորտը միայն միջոց է, այդ իսկ պատճառով էլ, ըստ կանոնակարգի,  համահայկական խաղերին պրոֆեսիանալ մարզիկներ չեն մասնակցում և տեղեկացրեց, որ ըստ վիճակագրության, մասնակիցների մոտ 80 տոկոսը Հայաստանում լինում է առաջին անգամ։   

Իրանյան այցի ընթացքում համահայկական խաղերի պատվիրակությունն եղել է նաև Թեհրանի Հայ համալսարանական միությունում , հանդիպել երիտասարդ համալսարանականների ու «Զարթոնք» պահախմբի հետ, որոնք նեկայացել են պարային փոքրիկ բեմականացմամբ։  «Զարթոնք»-ը միշտ մեծ պատվիրակությամբ մասնակցում է խաղերի սպորտային պարեր մարզաձևով։ «Այս տարի ևս մարզասերները հնարավորություն կունենան վայելել մեր պարային գեղեցիկ համարները սպորտային պարերում»-, վստահեցրել է պարախմբի ղեկավարը։ 

Ամփոփելով այցը Իշխան Զաքարյանը վստահեցրել է, որ ինչպես նախորդ բոլոր խաղերն այս  Համահայկական խաղերը ևս կանցկացվեն ըստ պատշաճի և կծառայեն իրենց նպատակին։

ajax-loader