Սաուդյան Արաբիան Հայաստանին տրամադրում է բուհերի հինգ կրթաթոշակային տեղ

Սաուդյան Արաբիայի Թագավորության (ՍԱԹ) կրթության նախարարությունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է հինգ կրթաթոշակային տեղ՝ 2023-2024 ուսումնական տարում ՍԱԹ բուհերում բակալավրի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորելու, ինչպես նաև արաբերեն լեզվի դասընթացին մասնակցելու համար:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ծրագրի շրջանակում տրվում են ամբողջական կամ մասնակի փոխհատուցմամբ կրթաթոշակային տեղեր և վճարովի տեղեր՝ ՍԱԹ-ում գործող քսաներկու բարձրագույն ուսումնական հաստատություններում:

«Կրթաթոշակային ծրագրի շրջանակում դիմորդները կարող են բարձրագույն կամ հետբուհական կրթություն ստանալ հետևյալ մասնագիտություններով՝ 
                1.            Քաղաքագիտություն 
                2.            Իրավունք         
                3.            Մանկավարժություն  
                4.            Բիզնեսի կառավարում              
                5.            Տնտեսագիտություն   
                6.            Ճարտարագիտություն և բնական գիտություններ    
                7.            Համակարգչային գիտություններ        
                8.            Գյուղատնտեսություն
                9.            Շարիաթ և արաբերեն լեզվի դասավանդում 
                10.         Լրագրություն 

Հումանիտար մասնագիտություններով ուսումնառությունն իրականացվելու է արաբերենով, բնագիտական մասնագիտություններով՝ անգլերենով:           

Բակալավրի կրթական ծրագրին և արաբերեն լեզվի դասընթացին կարող են դիմել 17-25 տարեկան, մագիստրոսական կրթական ծրագրին՝ մինչև 30 տարեկան, իսկ ասպիրանտուրայի կրթական ծրագրին՝ մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները:        
Ընդունելությունն իրականացվելու է մրցութային կարգով ՍԱԹ-ի կողմից՝ դիմորդների միջին որակական գնահատականի հիման վրա՝ համաձայն յուրաքանչյուր համալսարանի հատկացրած տեղերի և ներքին կանոնադրության:

Կրթաթոշակային ծրագրին դիմել ցանկացողները պետք է գրանցվեն ՍԱԹ կրթության նախարարության «Սովորիր Սաուդյան Արաբիայում» առցանց հարթակում՝  https://studyinsaudi.moe.gov.sa/ և այդ մասին տեղեկացնեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչությանը (հեռ.՝ +374 10599646)»,- ասվում է հայտարարության մեջ:

ajax-loader