Արդարադատության նախարարությունն ընդլայնում է գործակցությունը ՀԲ-ի հետ

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված «Հայաստանի դատական համակարգի տեղափոխումը 21-րդ դար» խորագրով աշխատաժողովին նշել է, որ նախարարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունն իրականացվում է մի շարք ուղղություններով և ծրագրերով, որոնցից յուրաքանչյուրն ունենում է իր դրական ազդեցությունը ՀՀ արդարադատության համակարգի վրա:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, Լևոն Բալյանն արձանագրել է, որ ՀՀ-ն հետամուտ է արդարադատության ոլորտի համապարփակ բարեփոխումների եվրոպական չափանիշներին ու լավագույն գործելակերպին, և վերջին տարիներին, այս ամենով պայմանավորված, գրանցվել է առաջընթաց մի շարք ոլորտներում:

«Նախարարի տեղակալն ընդգծել է, որ նախորդ տարի ընդունված Դատաիրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությունը նպատակ ունի շարունակել և ընդլայնել նախորդ ռազմավարության միջոցառումների իրականացման համատեքստում իրականացված համագործակցությունը մի շարք միջազգային կառույցների հետ, և մասնավորապես մեծ է համագործակցությունը ՀԲ-ի հետ՝ դատական բարեփոխումների, ինչպես նաև թվայնացման ուղղություններով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ, ամփոփելով իր խոսքը, Լևոն Բալյանը վերահաստատել է Արդարադատության նախարարության պատրաստակամությունը հետագա համագործակցության մասով՝ վստահություն հայտնելով, որ Արդարադատության նախարարության և դատական համակարգի ներկայացուցիչների նմանօրինակ քննարկումները նպաստելու են արդարադատության համակարգի առավել կատարելագործմանն ու իրավունքի գերակայության ամրապնդմանը։

ajax-loader