Եվրոպական մի շարք երկրներում մայիսմեկյան ցույցեր են անցկացվել

Եվրոպական երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի և Գերմանիայի բնակիչները երկուշաբթի օրը մասնակցել են մայիսմեկյան ցույցերի: Այդ մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը:

Ամենաշատ ակցիաներն անցկացվել են Ֆրանսիայում: Արհմիութենական կազմակերպությունների տվյալներով՝ դրանց մասնակցել է 2,3 մլն մարդ։ Երկրի Ներքին գործերի նախարարությունը ցուցարարների թվաքանակը գնահատել է 782 հազար։ Մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, Լիոնում և Նանտում ցույցերն ուղեկցվել են անկարգություններով և իրավապահների հետ բախումներով։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հայտարարել է, որ ձերբակալվել է 291 մարդ, վիրավորվել`ավելի քան 100 ոստիկան ու ժանդարմ։

Գերմանիայում մայիսմեկյան երթերին մասնակցել են հազարավոր մարդիկ։ «Գերմանական արհմիությունների միավորման» տվյալներով՝ երկրում տեղի է ունեցել 398 ցույց. դրանց մասնակցել է 288 հազար մարդ։ Արձանագրվել են ցուցարարների և ոստիկանների միջև բախումների առանձին դեպքեր։ Բողոքի ակցիաները մեծ մասամբ անցել են խաղաղ պայմաններում։

Իտալիայի առանձին քաղաքներում բնակիչները նույնպես դուրս են եկել փողոցներ՝ կառավարությունից պահանջելով բարձրացնել աշխատավարձերը և բարեփոխել հարկային համակարգը։ Երկրի կառավարությունը երկուշաբթի օրը հրապարակել է աշխատանքային ոլորտի նոր միջոցառումները՝ չեղարկելով աղքատության դեմ պայքարի սուբսիդիաները, որոնք սահմանվել էին չորս տարի առաջ: Վարչապետ Ջորջա Մելոնին դա բացատրել է այն բանով, որ այս սուբսիդիաների պատճառով շատ աշխատունակ մարդիկ, այդ թվում՝ երիտասարդներ, աշխատանք չեն փնտրում։

Երկուշաբթի օրը Իսպանիայում շուրջ 70 մայիսմեկյան երթեր են կազմակերպվել արհմիությունների կողմից, որոնք պահանջում էին բարձրացնել աշխատավարձերը՝ աճող գնաճի պայմաններում:

ajax-loader