Հայաստանի ազգային կինոկենտրոնը մայիսի 16-ին մեկնարկած Կաննի 76-րդ միջազգային կինոփառատոնի Marche du Film կինոշուկայում սկսել է իր աշխատանքները:
Կինոկենտրոնից հայտնում են, որ կինոկենտրոնի ֆիլմհանձնակատար Մելիքսեթ Կարապետյանը հարցազրույց է տվել Ֆրանսիայի France 3 TV հեռուստաընկերությանը` անդրադառնալով հայ կինոյի հարյուրամյա հոբելյանին, Կաննի միջազգային կինոփառատոնի «Կանն Կլասիքս» բաժնում ընդգրկված Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմին, ազգային կինոոլորտի արդի ձեռքբերումներին և մարտահրավերներին։
Տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի և «Coproduction Office» ընկերության հիմնադիր, պրոդյուսեր Ֆիլիպ Բոբերի հետ։
Ստորագրվել է համագործակցության հուշագիր Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Մոնտենեգրոյի կինոկենտրոնի միջև:Կայացել է հանդիպում Հայաստանի ազգային կինոկենտրոնի և MK2 ընկերության ներկայացուցիչների միջև։ Ընկերությունն աշխարհի առաջատարներից է ֆիլմերի դիստրիբյուցիայի ու վաճառքի ոլորտում և այսուհետև, ըստ կինոկենտրոնի հետ կնքված պայմանագրի՝ կիրականացնի Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» վերականգնված ֆիլմի համաշխարհային դիստրիբյուցիան։
Տեղի է ունեցել հանդիպում Ասիա-խաղաղօվկիանոսյան մրցանակաբաշխության ներկայացուցիչ Շիրի Ռամաժի հետ։
Աշխատանքները շարունակվում են: Կինոկենտրոնը խոստանում է առաջիկա նորությունների մասին տեղեկացնել հաջորդիվ: