Թարմացվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը

 Հայաստանը թարմացնում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը: Այդ մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն իր ելույթում՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին:

«Թմրամոլությունն ու ընդհանրապես կախվածությունների հետ կապված խնդիրն իսկապես աշխարհի բոլոր երկրների օրակարգում ավելի ու ավելի լուրջ տեղ է զբաղեցնում: Թե սոցիալական կայքերի, թե նոր տեխնոլոգիաների մուտքը դրանց հասանելիությունը  շատ ավելի դյուրինացնում են»,-ասաց Ավանեսյանը:

Նախարարը նշեց՝ քանի որ սա միայն առողջապահական հարց չէ, վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որում ներգրավված են ՆԳՆ-ն, ԿԳՄՍՆ-ն և մի շարք այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

«Եվ այս պահին թարմացվում է թմրամոլության դեմ պայքարի ռազմավարությունը: 3 տարին մեկ անգամ վերանայվում ու համապատասխանեցվում է տվյալ պահին առկա ավելի սուր խնդիրներին արձագանքելուն»,-ասաց նախարարը:

Առողջապահության նախարարի հավաստմամբ, հիմա ավելի շատ են հայտնաբերվում դեպքեր, միևնույն ժամանակ նկատվում է նաև  դիմելիության աճ: Նախարարը հիշեցրեց, որ վերջին տարիներին ամբողջությամբ վերակառուցեցին Կախվածությունների դեմ պայքարի ազգային կենտրոնը: «Եթե նախկինում որևէ մեկը ցանկություն չէր ունենա այդ կենտրոն այցելելու ու բուժում ստանալու, ապա այսօր ունենք մի կենտրոն, որը դարձել է հրապուրիչ, մի կենտրոն, որտեղ մարդիկ կարող են դիմել, ստանալ անհատական խորհրդատվություն, բուժման ընթացք: Եվ սա մեծացնում է դիմելիությունը»,-ասաց նախարարը:

Ավանեսյանը կարևորեց նաև իրազեկման, դաստիարակչական աշխատանքները՝  վստահեցնելով, որ ակտիվորեն աշխատում են ԿԳՄՍ նախարարության հետ՝ դպրոցահասակներին  ցույց տալու կախվածությունների քայքայիչ դերը: Նա նաև նշեց, որ թմրամոլության ապօրինի շրջանառության նկատմամբ Հայաստանն ունի բավականին խիստ քաղաքականություն:

ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ նշեց, որ թմրամիջոցի մեծ քանակություն ՀՀ ներմուծվում է փոստային առաքումների միջոցով:

ajax-loader