Հանքագործների քաղաք Քաջարանում նշվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակն ու Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնը

Հանքագործների քաղաք Քաջարանում նշվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակը, ինչպես նաև Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնը։

Պատվավոր հյուրերի շարքում էր Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը՝ ի դեմս նախագահ Վարդան Ջհանյանի։ Ներկա էին նաև «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը,  «Իկո գրուպ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Մարտիրոսյանը, «Չաարատ-Կապան» ընկերության տնօրեն Դավիթ Թովմասյանը,  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը, նույն համալսարանի Լեռանամետալուրգիայի և քիմիական տեխնալոգիաների ինստիտուտի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը։

Միության նախագահ Վարդան Ջհանյանը հոբելյանական տոնի առթիվ շնորհավորելով հանքային ոլորտի ներկայացուցիչներին, մասնավորապես, ասաց․

«70 տարին անընդմեջ գործող հանքի համար պատկառելի ժամանակահատված է։ Այս ձեռնարկությունը կրել է Հայաստանի տնտեսության առաջընթացի շատ մեծ բեռ, եղել է հանքարդյունաբերության դպրոցը՝ աշխատավայր մի քանի սերնդի համար և շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության հենասյունը։ Շնորհավորում եմ ընկերության բոլոր աշխատակիցներին՝ կոմբինատի հոբելյանական տարեդարձի առթիվ և մաղթում, որ նրանցից յուրաքանչյուրն իրապես գնահատի իր աշխատանքը և գնահատված լինի՝ իր ստեղծած արդյունքին համահունչ»։

ԶՊՄԿ հիմնադրման 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ընթացքում Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հուշամեդալներով պարգևատրեց կոմբինատի վաստակաշատ հինգ աշխատակիցների՝ ձեռնարկության նախկին տնօրեն Ռոման Նավասարդյանին, հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, եռահատորյակի հեղինակ Սոսիկ Դավթյանին, քիմիական լաբորատրիայի նախկին ղեկավար Ռիմա Սարգսյանին, ֆինանսական բաժնի նախկին ղեկավար Մեժլում Հակոբյանին, հարստացուցիչ ֆաբրիկայի նախկին աշխատակցուհի Սոֆիկ Աբրահամյանին։

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անունից վաստակաշատ աշխատակիցներին հուշաամեդալի հանձման պատիվն ընձեռվեց միության երկարամյա տնօրեն Վոլոդյա Կիրակոսյանին։

Ելույթի իր խոսքում վերջինս ասաց․

«Վերջին 20 տարվա ընթացքում ակտիվորեն շփվում եմ, և գիտեմ ինչ նշանակություն ունի կոմբինատը ոչ միայն Քաջարանի, այլ ամբողջ երկրի տնտեսության համար։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հանրապետության դեմքն է, ողնաշարը ամրապնդող հենասյունը։  Ասեմ ավելին, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունն էլ  ծնունդ է առել այս քաղաքում, այս կոմբինատի ղեկավարության նախաձեռնությամբ։ Ուստի, այսօրը նաև մեր տոնն է։

Հոգով, սրտով միանում են շնորհավորանքներին, մաղթում կոմբինատին երկարակեցություն, իսկ հանքագործներին՝ բեղուն ու անվտանգ աշխատանք»։ 

ajax-loader