Գյումրիում պատրաստված փայտե ակնոցները լայն ճանաչում են ստանում Հայաստանից դուրս

Գյումրիում ստեղծված փայտե ակնոցները լայն ճանաչում են ստանում Հայաստանի սահմաններից դուրս:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վերջերս Խաչատրյան եղբայրների ստեղծված ակնոցները ներկայացած էին Մոսկվայի Միջազգային օպտիկական ֆորումին, ինչի արդյունքում նոր գործընկերներ են ձեռք բերվել ու նոր առաջարկներ ստացվել:

Արդեն ութերորդ տարին է` Բաբկեն ու Դավիթ Խաչատրյանները փայտից ակնոցներ են պատրաստում: Գաղափարը նոր չէ, բայց եղբայրների ստեղծածը տարբերվում է մյուսներից՝ ակնոցները բացարձակապես ձեռագործ են ու բնական փայտից: Փայտը, որ ներկրում են Իտալիայից, վերջնական մշակումն անցնում է բուսական հատուկ նյութերով ու մեղրամոմով, էկոլոգիապես մաքուր է:

«Միշտ փորփրում ենք, էքսպերեմենտների մեջ ենք»,- ասում է Բաբկեն Խաչատրյանը՝ տեղեկացնելով, որ  վերջերս էլ Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության  հետ միասին ստեղծել են ժամանցային ակնոց, որին հետևեց լսողական խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված լսողական սարքով ակնոցը, որը միաժամանակ երկու խնդիր է լուծում՝ տեսողական և լսողական: Այս պահին ակնոցները դեռ եզակի օրինակներով են, մասսայական արտադրության պատրաստ չեն՝  եղբայրները խոստանում են դրանք կատարելագործել և շուկա հանել միայն այն ժամանակ,  երբ որակը լիարժեք կբավարարի առաջին հերթին հեղինակներին:

Բոլոր մոդելների վրա կա «Պատրաստված է Հայաստանում» գրությունը: Նպատակ կա առաջիկայում ակնոցները ներկայացնել Մյունխենում կայանալիք «Օպտի Շոու»-ին: Մինչ այդ, ընկերությունը, հավատարիմ մնալով իր ոսկե կանոնին, ամեն վաճառված ակնոցի փոխարեն տնկում են 1 ծառ՝ Էկոհավասարակշռությունը պահպանելու համար:

ajax-loader