Կընդլայնվի աշխատող ուսանողների եկամտային հարկի գումարներից փոխհատուցվող մասնագիտությունների ցանկը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ընդլայնել ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում առկա ուսուցմամբ սովորող և վարձու աշխատող հանդիսացող ուսանողների ուսման վարձը՝ նրանց կողմից վճարված եկամտային հարկի գումարներից փոխհատուցվող մասնագիտությունների ցանկը:

Կարգավորման նպատակն է խթանել սովորողների ուսուցումը մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և կլինիկական օրդինատուրայում՝ հաշվի առնելով աշխատաշուկայում առկա մասնագետների պահանջարկը, պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտներն ու մասնագիտությունները, ոլորտների ռազմավարության ծրագրերից բխող կարիքների բավարարումը:

Որոշմամբ ներկայացված մասնագիտությունները ներառվել են «Բնական գիտություններ, մաթեմատիկա և վիճակագրություն», «Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն», «Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնային տնտեսություն և անասնաբուժություն» և «Ծառայություններ (սերվիս)» ոլորտներից:

Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերոհիշյալ մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունն աճել է՝ բացառությամբ որոշ (շուրջ 20) մասնագիտությունների, ինչն արտահայտվել է տվյալ մասնագիտություններով բուհերում սովորող ուսանողների քանակի աճով:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաև, որ աշխատաշուկայում կան մի շարք մասնագիտություններ, որոնց գրավչությունը բարձրացնելու խնդիր է առաջացել՝ հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջարկը, մասնավորապես այն, որ երկրի տնտեսության զարգացման գործընթացում գյուղատնտեսության ոլորտն ունի բարձր պահանջարկ, սակայն չկան բավարար մասնագետներ:

ajax-loader