Երեկվա հարձակման հետևանքով Տեղ գյուղում դիրքային նոր փոփոխություններ չեն եղել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, գրում է Lragir-ը։
«Այս պահին հարաբերական անդորր է, մարտական գործողություններ չկան։ Դիրքային որևէ փոփոխություն չի եղել, ինչպես եղել են մինչև այդ մարտական գործողությունները, այդպես էլ պահպանվել են»,- ասաց նա։
Ըստ Արմեն Խաչատրյանի՝ ադրբեջանցիները երեկ մոտեցել են հայկական դիրքերին՝ բանակցելու նպատակով, բայց դիմել են սադրանքի ու կրակել։ «Ադրբեջանական պիկապը իրենց վերահսկվող տարածքից մոտենում էր մեր դիրքերին, որպեսզի ինչ-որ բանակցային խնդիրներ լուծեր։ Այդտեղ անընդհատ բանակցություններ են ընթանում։ Եկել բան են պահանջել, իհարկե, մերոնք պատասխան են տվել։ Պահանջել են, որ մերոնք ինժեներական աշխատանքները դադարեցնեն, մերոնք էլ արժանի պատասխան են տվել։ Պատասխանից էլ մարտական գործողություններ են ծագել։ Մարտական գործողություններ ենք արել, ասում եք՝ խի՞ եք արել, չենք անում, ասում եք՝ բա խի՞ չկրակեցիք։ Սրանից էլ ավել կրակե՞լ։ Բանակը երեկ իր առջև դրված խնդիրը շատ հստակ կատարել է։ Մեր զինվորները երեկ Ադրբեջանի սանձարձակությանը արժանի պատասխան են տվել։ Իհարկե, մարտական գործողություններն ավարտվել են նաև մեր զինծառայողների զոհվելով, բայց երեկ բանակն իր առջև դրված խնդիրը փայլուն կատարել է։ Մարտական գործողությունների դադարեցման որևէ միջնորդություն չի եղել, դադարեցվել է ՀՀ և նրանց ուժային ներկայացուցիչների միջև խոսակցությունների և բանակցությունների արդյունքում։ Ես վստահ եմ, որ այդ դադարեցման մեջ մեծ դեր է ունեցել մեր բանակի երեկվա ամուր դիրքերում կանգնելը և պատասխան հարված տալը»,- մանրամասնեց նա։
Ըստ պատգամավորի՝ Տեղ գյուղում մեծ ծավալի ու լուրջ ինժեներական աշխատանքներ ենմ իրականացվում, իսկ դա ադրբեջանցիների դուրը չի գալիս, փորձում են ամեն կերպ խափանել։