Կանանց և գեղեցկության միամսյակի շրջանակներում մարտի 14-ին Քաջարանի Մշակույթի պալատի էլեկտրոնային գրադարանում կայացավ ընթերցողների հետ հանդիպում-քննարկումը։ Այդ մասին տեղեկացնում է պալատի ֆեյսբուքյան էջը։ Տարածած հաղորդագրության մեջ, մասնավորախես, նշված է․

«Խորհրդանշական էր, որ այն նվիրված էր հայտնի կին գրողների և գրականության մեջ վառ կնոջ կերպարների քննարկմանը։ Գրադարանի մշտական ակտիվ ընթերցողները կիսվեցին իրենց սիրելի կերպարների մասին կարծիքներով, կին հեղինակների կյանքի և գործունեության հետաքրքիր փաստերով։ Հնչեցին բավականին տարատեսակ և իրարամերժ կարծիքներ թեմայի շուրջ, ինչը առավել բովանդակալից ու արդյունավետ դարձրեց հանդիպումը։

Երեկոյի ընթացքում նաև ամփոփվեցին Թումանյանական օրերին գրադարանի կողմից կազմակերպված «Կույր հանդիպում գրքի հետ» խաղ-մրցույթի արդյունքները։ Ընթերցողներին առաջարկվել էին փաթեթավորմամբ ծածկված գրքեր, որոնց վրա գրված էր կարճ նկարագիրը։ Ընթերցողները փորձում էին գուշակել գիրքը։ Մրցույթը տեղափոխվել էր նաև սոցհարթակ և ունեցավ բավականին մեծ արձագանք։ Մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով ընտրած և ընթերցված գրքերից։ Մասնակիցներն ու հաղթողները ստացան նվերներ գրքի տեսքով։

Տաքուկ, մտերմիկ զրույցի արդյունքում ցանկություն հնչեցվեց այսպիսի հանդիպումների հաճախակի լինելը։

Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներից,հյուրերից ու վստահաբար ասում ենք,որ դեռ բազում առիթներ կունենանք նման ձևաչափով հանդիպումների»։

ajax-loader