Իշխան Զաքարյանը հանդիպել է Ստամբուլի երիտասարդության և սպորտի նահանգային տնօրենի հետ

«Սպորտն ու մշակույթը սահմաններ չեն ճանաչում»․ հենց այս խոսքերով Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Ստամբուլի երիտասարդության և սպորտի նահանգային տնօրեն Բուրհանեթթին Հաչիկաֆերօղլուն։

Ողջունելով հյուրերին՝ Հաչիկաֆերօղլուն նշել է, որ ուրախ է ընդունել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը։

Իշխան Զաքարյանը ներկայացրել է խաղերի գաղափարը, նպատակն ու կանոնակարգային որոշ հարցեր։ Նրա խոսքով՝ Համահայկական խաղերը միտված են համախմբելու աշխարհի հայությանը հենց սպորտի միջոցով և պատահական չէ, որ խաղերի կարգախոսն է «Միասնություն սպորտով»։

Ստամբուլի երիտասարդության և սպորտի նահանգային տնօրենը ողջունել է նախաձեռնությունն ու խոստացել հնարավոր ամեն ինչով աջակցել պոլսահայ երիտասարդներին խաղերին մասնակցելու հարցում։ Կոմիտեի նախագահը Հաչիկաֆերօղլուին ևս հրավիրել է մասնակցելու Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությանը։ Բուրհանեթթին Հաչիկաֆերօղլուն վստահեցրել է, որ հնարավորության դեպքում անպայման կմասնակցի խաղերի բացմանը։

ajax-loader