«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդհանուր ճանապարհի Վանաձոր-Բագրատաշեն հատվածն իրականացվել է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդհանուր ճանապարհի Վանաձոր-Բագրատաշեն հատվածն իրականացվել է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդգծեց, որ այս ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ նախ միջպետական ճանապարհ է և հանգուցային կարևոր դեր ունի դեպի Բագրատաշենի ուղղությամբ ուղևորների և բեռնափոխադրման գործում:
«Բագրատաշենի անցակետն ամենամեծ թողունակություն ունեցող անցակետն է և շատ բեռներ, ուղևորներ են անցնում այդ անցակետով, այդ պատճառով այս ճանապարհի կառուցմամբ մենք բավական մեծ ծավալով կարգավորել ենք մեր վարորդների, ուղևորների հարմար, անվտանգ երթևեկությունն այդ ուղղությամբ: Այս ճանապարհի միջպետական նշանակությունը շատ մեծ է, և մեր տնտեսության զարգացմանը զուգընթաց՝ ուղևորների տեղափոխման և բեռնաշրջանառության այս բարեկարգման կարիքը շատ մեծ էր»,- նշեց նախարարը:
Նա ընդգծեց, որ շինարարական բուն աշխատանքներն ընթացել են 2018 թվականից հետո: «Այս ճանապարհի կառուցումը բավականին բարդ է եղել, հաճախ առաջ են եկել դժվարություններ, որոնք նախագծողները նույնիսկ չեն էլ կանխատեսել, բայց այսօր հավաքվել ենք փաստելու, որ թեև առկա դժվարություններին, այնուամենայնիվ, թիմային աշխատանք է իրականացվել: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և Ասիական զարգացման բանկի գործընկերների և մի շարք այլ գործընկերների ու շինարարների հետ համատեղ գտել ենք լուծումները և հիմնական մասն ավարտելով՝ ծրագիրը փակել ենք»,- ասաց նախարարը:
Նա ընդգծեց, որ ճանապարհի մի հատված կա, որն առանձին ծրագրով պետական բյուջեի հաշվին այժմ իրականացվում է:
Ըստ նախարարի՝ իրականացվել է շուրջ 51 կիլոմետր ճանապարհի բարեկարգում, որն, իհարկե, զուտ ճանապարհին չի վերաբերվում, քանի որ բարեկարգվել է նաև ճանապարհամերձ հատվածներն, անվտանգության գոտիները, մի շարք լուծումներ են տրվել քարաթափումների ուղղությամբ, ինչպես նաև ճանապարհի որոշ հատվածներում իրականացվել են լայնացումներ:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն ընդգծեց, որ ճանապարհի այս հատվածը «Հյուսիս-հարավ»-ից հետո ամենակարևոր ենթակառուցվածքային ծրագիրն է, որն իրականացվել է:
«Վանաձորից դեպի Թումանյան կայարանի ճանապարհահատվածը շահագործման էր հանձնվել 2018 թվականի աշնանը, իսկ Թումանյան կայարանից դեպի Բագրատաշեն հատվածն ամբողջությամբ հիմնանորոգվել է և այսօր հանձնում ենք շահագործման: Շուրջ 600 մետր հատված է մնացել, որը պետական բյուջեի միջոցներով այժմ վերանորոգվում է: Այդ հատվածում որոշում է կայացվել իրականացնել տրանսպորտային հանգույց, որն Օձունից դեպի Ստեփանավան տանող հանրապետական ճանապարհն ավելի անվտանգ կդարձնի: Հույս ունենք, որ մինչև տարվա վերջ հիմնական աշխատանքները կավարտենք»,- ասաց Գոռ Ավետիսյանը:
Նա նշեց, որ բացի անվտանգ երթևեկությունից նոր ճանապարհը նաև կրճատել է երթևեկի ժամանակահատվածը: Քարաթափումներից պաշտպանելու համար կիրառվել են նորարարական ցանցեր: Ըստ նրա՝ ծրագրի ընդհանուր արժեքն այս պահին կազմում է մոտ 17 մլրդ դրամ, որը որոշ ճշգրտումներից հետո մի փոքր հնարավոր է փոփոխվի:
Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային ղեկավար Պաոլո Սպանտիգատին նշեց, որ շատ ուրախ է, որ Ասիական զարգացման բանկի միջոցով ավարտին հասավ շատ կարևոր տնտեսական նշանակության ծրագիր:
«Ես կցանկանայի նշել, որ բավականին բարդ էր ավարտին հասցնել այս նախագիծն ինչպես բարդ տեղանքի պատճառով, այնպես էլ քովիդի և պատերազմի ընթացքում, բայց մենք հաղթահարեցինք բոլոր մարտահրավերները և այժմ ունենք բարձր անվտանգային ճանապարհահատված: Նշեմ, որ ճանապարհն ինքնին շատ կարևոր նշանակություն ունի Ասիական զարգացման բանկի համար և ի լրումն Մ-6 ճանապարհի, մենք աջակցում ենք նաև գյուղական շրջանների ճանապարհների և «Հյուսիս-հարավ»-ի մի մասի շինարարությանը: Հուսով ենք, որ ապագայում կկարողանանք ֆինանսավորել և շատ ավելին իրականացնել»,- նշեց Պաոլո Սպանտիգատին: