6 մլրդ դոլարի գործարքով Իրանը և ԱՄՆ-ը փոխանակել են բանտարկյալներին

Իրանն ու ԱՄՆ-ն բանտարկյալների փոխանակում են կատարել, որի շրջանակներում 4 տղամարդ և 1 կին, որոնք բանտարկված էին Թեհրանում, վերադարձել են ԱՄՆ։ Վաշինգտոնն իր հերթին ազատ է արձակել ԱՄՆ-ում բանտարկված Իրանի 5 քաղաքացիների։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Այս համաձայնության ձեռք բերման համար միջնորդ էր հանդիսացել Կատարը, որը բանակցություններ էր վարում կողմերի հետ 2022 թ․ փետրվարից։ Գործարքի շրջանակներում Հարավային Կորեայում ամերիկյան պատժամիջոցների պատճառով սառեցված իրանական միջոցները՝ ընդհանուր 6 միլիարդ դոլար, փոխանցվել են Դոհայում գտնվող բանկերին։

Իրանի կողմից ազատ արձակված 5 բանտարկյալները ԱՄՆ-ի և Իրանի երկքաղաքացիներ են։ Նրանց Դոհայում դիմավորել են ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, և այժմ նրանք Վաշինգտոն մեկնելու ճանապարհին են։

«Այսօր հինգ անմեղ ամերիկացիներ, որոնք բանտարկված էին Իրանում, վերջապես, վերադառնում են տուն», – հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, երբ Թեհրանից ԱՄՆ քաղաքացիներին բերող ինքնաթիռը վայրէջք է կատարել Դոհայում։

Իսկ ԱՄՆ-ի կողմից ազատ արձակված ոչ բոլոր իրանցիներն են վերադառնալու հայրենիք։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին, Իրանի 2 քաղաքացի սեփական կամքով վերադառնում է հայրենիք, 1 իրանցի միանում է իր ընտանիքին երրորդ երկրում, իսկ 2-ը ցանկանում են մնալ ԱՄՆ-ում։

Իրանը բազմիցս հայտարարել է, որ ապասառեցված միջոցները կծախսի իր հայեցողությամբ։ Իսկ ԱՄՆ-ում հայտնել են, որ այդ միջոցները պետք է ծախսվեն միայն հումանիտար նպատակներով։

ajax-loader