Առաջարկություններ օրենքի նախագծային փոփոխությունների շուրջ

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ու գերատեսչության համապատասխան վարչությունների գործընկերների միջև։

Քննարկվեցին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները։ Միությունը հանդես եկավ առաջարկություններով և ահազանգ հնչեցրեց, որ նախատեսվող որոշ դրույթներ, օրենքի ուժ ստանալու դեպքում, կխոչընդոտեն հանքարդյունաբերող ընկերությունների բնականոն գործունեությունը։

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը և տնօրենի տեղակալ Շուշանիկ Քերոբյանը մանրամասն խոսեցին դրա մասին, մասնավորապես, բարձրաձայնեցին օրենքում նախատեսվող անդրսահմանային ազդեցության գնահատման, հանրային լսումների իրականացման կարգի, ինչպես նաև փորձաքննության գործընթացին վերաբերող քաղաքականությունը՝ Օրհուսի կոնվենցիային համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին։

Որպես հանքային ոլորտի տնտեսվարող ընկերությունների աջակցող՝ Միությունը հանդես եկավ նաև Անդրսահմանային համագործակցության մասին Եվրոպական շրջանակային կոնվենցիայից Հայաստանի դուրս գալու առաջարկով։

ՇՄ նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը և իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանը տեսակետ հայտնեցին, որ հնչեցված առաջարկությունները գործընթացի տրամաբանության մեջ են, և պատրաստակամություն հայտնեցին դրանք քննության առնել։

Հիշեցնենք, որ նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ․-ի գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-Լ որոշման 13.1 կետից: Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել միջազգային պայմանագրերով ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունները:

ajax-loader