«Վստահ եմ՝ հանդիսատեսը կգնահատի ձեր ջանքերը»․ ԿԳՄՍ նախարարը՝ «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի ստեղծագործական թիմին

Երևանում կայանալիք Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյյան լեգենդար մյուզիքլի՝ «Սանսեթ Բուլվարի» առաջնախաղին ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, հանդիպել ստեղծագործական խմբի հետ և հաջողություն մաղթել նրանց առաջիկա ներկայացումներում։

Հայաստանում «Սանսեթ Բուլվար» մյուզիքլն իրականացնում է SKYFIST STUDIO պրոդյուսերական ընկերությունը՝ Պողոս Հարությունյանի ղեկավարությամբ։ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կատարած շրջայցի ընթացքում Պողոս Հարությունյանը ԿԳՄՍ նախարարին մանրամասներ է ներկայացրել նախապատրաստական աշխատանքներից։ Նրանց ուղեկցել է նաև Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը։

Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել՝ երևանյան հանդիսատեսը բարձր է գնահատելու ստեղծագործական խմբի ջանքերը։

«Ուրախ եմ, որ Ձեր սկսած գործը հասցրել եք այս ամենակարևոր կետին։ Այս ուղղությունը մեզ համար շատ կարևոր է. մենք ներկայացումների որակի բարելավման և այս ժանրի զարգացման խնդիր ունենք։ Վստահ եմ՝ հանդիսատեսը կգնահատի ձեր ստեղծագործական ջանքերը։ Գնահատելով Ձեր աշխատանքը՝ պատրաստ ենք քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Պողոս Հարությունյանը ևս հույս է հայտնել, որ երևանյան հանդիսատեսը բավականություն կստանա սպասվելիք ներկայացումներից․ «Իսկապես շատ մասշտաբային և աննախադեպ իրադարձություն է սպասվում։ Հավատացնում եմ՝ սա նորություն է լինելու հայ հանդիսատեսի համար։ Հուսով եմ՝ մեր նախագծի միջոցով հնարավորինս շատ երիտասարդներ կսկսեն հետաքրքրվել այս արվեստով»։

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է նաև վրացի նշանավոր երգչուհի Թամարա Գվերդծիթելիին, որը լեգենդար մյուզիքլի երևանյան տարբերակում կմարմնավորի գլխավոր հերոսուհի Նորմա Դեսմոնդին։ Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել անվանի երգչուհուն և ողջ ստեղծագործական թիմին՝ ընդգծելով, որ երևանյան հանրությունն անհամբերությամբ է սպասում համաշխարհային բեմեր նվաճած մյուզիքլի պրեմիերային։

«Փայլուն կոլեկտիվ է հավաքվել․ հիանալի է այսպիսի թիմի հետ աշխատելը։ Կարծում եմ՝ կկարողանանք ուրախացնել և հաճելի պահեր պարգևել մեր հանդիսատեսին»,- ասել է Թամարա Գվերդծիթելին՝ շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍ նախարարին այցի համար։

Իր գրեթե երեսնամյա պատմության ընթացքում «Սանսեթ Բուլվարը» բեմադրվել է աշխարհի բազում երկրներում և տարբեր լեզուներով։ Չնայած միջազգային ճանաչմանը՝ «Սանսեթ Բուլվարը» դեռևս բեմադրված չի եղել ԱՊՀ երկրներում։ Երևանի հանդիսատեսն ու հյուրերը կդառնան Ուեբերի այս մյուզիքլի առաջին հանդիսատեսը։ Ներկայացմանը մասնակցում է մոտ երեսուն դերասան՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից և Վրաստանից։ «Սանսեթ Բուլվարը» Հայաստանում օրինական և պաշտոնապես բեմադրված առաջին բրոդվեյյան մյուզիքլն է: Այն կբեմականացվի ռուսերենով։

Նշենք նաև, որ մյուզիքլի բեմադրությունն իրականացվում է հեղինակային իրավունքի թույլտվությամբ՝ Ուեբեր թատերական ընկերության հետ բացառիկ համաձայնագրի համաձայն։ Բեմադրությունը վստահվել է ռուս ռեժիսոր Անտոն Մուզիկանտսկուն: Ուեբերի լեգենդար երաժշտությունը կհնչի Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։

«Սանսեթ Բուլվար» մյուզիքլի երևանյան ներկայացումները նախատեսված են ապրիլի 6-12-ը։

ajax-loader