Երևան քաղաքի 55-ամյա բնակչի բնակության վայրում, տանը հարակից հողամասում և բակում կատարված զննության ժամանակ հայտնաբերվել, արմատախիլ է արվել և վերցվել թվով 734 հատ կանեփի բույս։ Հայտնաբերվել է նաև 151 և 12,32 գրամ քաշերով դեղնականաչավուն չորացված զանգվածներ, կանեփի բույսի սերմեր, ինչպես նաև՝ երկփողանի հրացան:
Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով 55-ամյա տղամարդը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաձգաբանական, դատաքիմիական և դատաբուսաբանական փորձաքննություններ:
Հայտնաբերված ապօրինի ձեռք բերված և պահված հրացանը, ըստ փորձագիտական եզրակացության, հանդիսանում է փողերն ինքնաշեն եղանակով կարճացված ողորկափող երկփողանի հրազեն։
Պարզվել է նաև, որ փորձաքննության ներկայացված դեղնականաչավուն 151 գրամ զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 55-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով: