Տեղ-Կոռնիձոր հատվածում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքների արդյունքում իրավիճակը որոշակիորեն բարելավվել է, մասնավորապես, 12 կմ-ից 7կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են: Այդ մասին կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց՝ նախորդ նիստին տեղեկացրել է, որ ՀՀ-ն Լաչինի միջանցքին կապող նոր՝ Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհի շահագործման հանձնելու բերումով տեղի է ունենալու դեպի Լաչինի միջանցք երթուղու փոփոխություն, ինչի արդյունքում Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ 12 կմ-անոց հատվածի պահպանությունը պետք է ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը: Պատճառն այն է, որ մինչև այդ սահմանի նշված հատվածի անմիջական պահպանություն չէր իրականացվում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի կողմից՝ Լաչինի միջանցքի ժամանակավոր երթուղին ապահովելու համար նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
«Եվ ահա, ինչպես հայտնի է, սահմանի անմիջական պահպանության ստանձնման ժամանակ որոշակի խնդիրներ են առաջացել, ինչի մասին տեղեկացրել էր ԱԱԾ-ն՝ ընդգծելով, որ երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել: Եվ իրավիճակը որոշակիորեն բարելավվել է: Մասնավորապես 12 կմ-ից 7կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը վստահեցրեց՝ հայկական կողմի տրամադրվածությունը եղել է ու շարունակում է մնալ էսկալացիայից խուսափելը: Նա հույս հայտնեց, որ տեղակայման կետերի ճշգրտման աշխատանքները կիրականացվեն կառուցողական մթնոլորտում: