Լիբիայում ջրհեղեղն ավելի քան 5300 մարդու կյանք է խլել

Լիբիայի Դերնա նավահանգստային քաղաքում ջրհեղեղի զոհերի թիվը կարող է գերազանցել 5,300-ը, նման տվյալներ է ներկայացրել Բենղազիի կողմից վերահսկվող Լիբիայի արևելյան շրջանների Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը, գրում է Euronews-ը։

«Դանիել» փոթորկի հետևանքով առաջացած հորդառատ անձրևները լցրել են չոր սեզոնային գետերի հուները: Երկու ամբարտակներ ճեղքվել են, կամուրջներ են ավերվել, հեղեղը 100 հազար բնակչություն ունեցող քաղաքի ամբողջ թաղամասեր է տարել, շատ բնակիչների ծովն է քշել։

Փրկարարներին միշտ չէ, որ հաջողվում է ջրով հեղեղված ճանապարհներով հասնել տուժած շրջաններ։ Շատ տեղացիներ ստիպված են ձեռքով դուրս բերել մահացածների մարմինները ջրից ու ցեխից։

«Ցավոք, մերոնց կեսը խեղդվել է, գուցե նաև 90%-ը։ Իմ մորաքրոջ տունն անցել է ջրի տակ, մյուս մորաքրոջս ընտանքիը ևս զոհվել է, զարմիկիս ընտանիքը՝ նույնպես։ Սա ցեղասպանություն է»,- պատմել է բնակիչներից մեկը։

«Մենք զանգվածաբար թաղում ենք մարդկանց։ Հարևան Շիխա շրջանի հիվանդանոցը լի է մարմիններով, երեկ դրանց թիվը շուրջ հազար էր, զոհվածների թվում էին կանայք, երեխաներ, տղամարդիկ, ծերեր»,- պատմել է մեկ այլ բնակիչ։

Կարմիր Խաչը հաստատել է, որ անհետ կորածների թիվը ներկայում հասնում է 10 հազարի։ Ավելի քան 40 հազար տեղի բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։

Օգնությունը Դերնա է սկսել հասնել միայն երեքշաբթի: Տրիպոլիի կառավարությունը մարդասիրական օգնության շարասյուններ է ուղարկել դեպի արևելք: Տարածաշրջան են ժամանել որոնողափրկարարական խմբեր Թուրքիայից, ԱՄԷ-ից և Եգիպտոսից։ Ֆրանսիան հայտարարել է տուժած շրջանում դաշտային հոսպիտալի տեղակայման մասին։

  https://factor.am/687349.html

ajax-loader