Ապօրինի անտառահատումների հետևանքով պետությանը պատճառվել է 5 մլն դրամի վնաս

Ապօրինի անտառահատումների հետևանքով պետությանը պատճառվել  է  5 մլն դրամի վնաս: Այդ մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից:

«Բ.Պ.-ն, 2020 թվա­կա­նի նոյեմբերի 24-ից մինչև 2021 թվականի հուլիսի 22-ը հանդիսանալով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության 5-րդ պահաբաժնի անտառապահ, պատ­շաճ չի կա­տա­րել իր պարտականությունները, որի արդյունքում, նշված ժամանակահատվածում ապօրինի հատվել են տարբեր տեսակի 52 ծառեր և 7 ճյուղեր՝ պետությանը  պատճառելով  5 մլն 43 հազար դրամի վնաս:

Նախաքննության ընթացքում Բ.Պ.-ն չի վերականգնել պատճառված վնասը»,- նշված է հաղորդագրության մեջ:

2021 թվականի սեպտեմբերի 6-ին  նախաձեռնվել է քրեական վարույթ: 2022 թվականի մարտի 28-ին Բ.Պ.-ին մեղադրանք է ներկայացվել  18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնական անփութություն):

Դատախազը 2023 թվականի մարտի 20-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան: Միաժամանակ  ներկայացվել է հայցադիմում՝ պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ajax-loader