Մոսկվայի «Օստանկինո»-ում կայացել է «Կարին» ավանդական երգի-պարի համույթի համերգը

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի «Օստանկինո» համերգասրահում կայացել է «Կարին» ավանդական երգի-պարի համույթի համերգը՝ Մոսկվայում գործող հայ ավանդական «Նժդեհ» ու «Կայծ» պարախմբերի մասնակցությամբ։ 

k1.jpg (332 KB)

Համերգի ընթացքում հնչել են նաեւ Պարույր Սեւակի և Համո Սահյանի պոեզիայից պատառիկներ՝ նվիրված մեծանուն գրողների 100 և 110-ամյակներին։

k5.jpg (110 KB)

Փոխանցելով ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի ողջույնի խոսքը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակութային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն ազգային մշակութային ժառանգությունը բարձր պահելու գործում ունեցած նշանակալի ավանդի համար դեսպանատան կողմից նախ պատվոգիր է հանձնել «Կարին» ավանդական երգի-պարի համույթին, ապա նշել, որ առկա մարտահրավերներին դիմակայելու եւ կրկին վեր հառնելու համար գոյություն ունի մեկ ճանապարհ՝ աշխարհի հետ մեր մշակույթի լեզվով խոսելն ու  մեր ազգային մշակույթը պետական գերագույն արժեք դարձնելը։ 

k2.jpg (123 KB)

Հանդիսատեսին ուղղված շնորհակալության խոսքում «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անի Գինոսյանը նշել է, որ նրանք, ովքեր զբաղվում են ազգային մշակույթով, ովքեր լծված են ազգային մշակույթը տարածելու գործին, հայրենիքի սրտացավ անհատներն են։

k4.jpg (132 KB)

«Ես համարում եմ, որ մենք այդ առաքելության զինվորն ենք ու տարածում ենք հայկական ավանդական մշակույթ, որը պիտի հանդիսանա դեպի ինքնություն տանող ճանապարհը։ Իսկ մեր ինքնության ուսուցիչը Գագիկ Գինոսյանն էր։ Ազգային պարի ոլորտում նա էր սերմեր ցանողը,  եւ այսօր մենք մեր շուրջը տեսնում ենք այդ սերմերի պտուղները»,- ասել է Անի Գինոսյանը՝ երախտագիտություն հայտնելով նաեւ Մոսկվայում գործող «Նժդեհ» ու «Կայծ» պարախմբերին՝ ունեցած մասնակցության և ծավալած գործունեության համար։

k6.jpg (133 KB)
ajax-loader