Հրաշալի երեկո է լինելու․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ երևանյան համերգին ընդառաջ

Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ին, «Երևանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը: Օսկարակիր կոմպոզիտորի գլուխգործոցները կհնչեն Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ, նրա որդու՝ դիրիժոր՝ Անդրեա Մորիկոնեի ղեկավարությամբ: 

Երեւանում սպասվող համերգի առթիվ Անդրեա Մորիկոնեն հայաստանյան հանդիսատեսի համար հանդես է եկել տեսաուղերձով։ 

«Անչափ ոգեւորված եմ հայտարարելու այս հրաշալի համերգը Հայաստանում, որտեղ ես ղեկավարելու եմ իմ հոր անզուգական երաժշտությունը եւ իմ խոնարհումն եմ բերելու նրան՝ Roma Sinfonietta նվագախմբի հետ միասին։ Ես անհամբեր սպասում եմ այս գեղեցիկ իրադարձությանը։ Պարզապես, հրաշալի երեկո է լինելու։ Եկեք՝ միասին վայելելու այս բացառիկ համերգը»,-ասում է նա։ 

Համերգի տոմսերը կարող եք ձեռք բերել փառատոնի պաշտոնական հարթակից:

Իտալացի կոմպոզիտոր, դիրիժոր Էնիո Մորիկոնեն հիմնականում երաժշտություն է գրել կինոյի եւ հեռուստատեսության համար: «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար»  արժանացել է մեծ խաչի ասպետ շքանշանի:  «Օսկար»-ի կրկնակի դափնեկիր է: 2007-ին «Օսկար»-ի է արժանացել կինեմատոգրաֆիայում ունեցած զգալի վաստակի համար եւ «Նողկալի ութնյակը» ֆիլմի երաժշտության համար: Իտալիայի ազգային՝  «Դավիդ դի Դոնաթելլո» կինոմրցանակի իննակի դափնեկիր է՝ «Դավիդ դի Դոնաթելլո» ֆիլմի լավագույն երաժշտության համար։ «Ոսկե գլոբուս»-ի եռակի դափնեկիր է, «BAFTA» մրցանակի վեցակի մրցանակակիր է: Արժանացել է մի շարք այլ մրցանակների։

Հռչակավոր կոմպոզիտորը կյանքից հեռացել է 2020-ին։

ajax-loader