Protesters run amid the tear gas during a demonstration in Lyon, central France, Thursday, March 23, 2023. French unions are holding their first mass demonstrations Thursday since President Emmanuel Macron enflamed public anger by forcing a higher retirement age through parliament without a vote. (AP Photo/Laurent Cipriani)

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերը վերածվել են բախումների

Հարյուր հազարավոր ֆրանսիացիներ հինգշաբթի օրը դուրս են եկել Փարիզի և ֆրանսիական այլ քաղաքների փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Ցույցերն ուղեկցվել են անկարգություններով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Ըստ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինի՝ վիրավորվել է 149 ոստիկան և ժանդարմ, 172 մարդ ձերբակալվել է: Վիրավորվել են նաև տասնյակ ցուցարարներ, այդ թվում՝ Նորմանդիայում մի կին զրկվել է բութ մատից: Ըստ նախարարի՝ ձերբակալվածների մի մասը հարձակում է գործել իրավապահների վրա կամ պատասխանատու է հրդեհումների համար:

Գործակալությունը հայտնում է, որ ցույցերը հիմնականում խաղաղ են եղել, սակայն սևազգեստ անարխիստների մի խումբ անկարգություններ է հրահրել, կոտրել խանութների ապակիները, ներխուժել McDonald’s-ի ռեստորաններից մեկը: Ոստիկաններն արցունքաբեր գազ և խլացնող նռնակներ են գործի դրել: Մի քանի փոքր խմբեր Փարիզում մինչև ուշ գիշեր շարունակել են բախումները ոստիկանների հետ, քաղաքի կենտրոնում հրդեհումներ են իրականացրել:

Արհմիությունները կոչ են արել մարտի 28-ին նոր համազգային գործադուլներ և ցույցեր անցկացնել. հենց այդ օրն է Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը Բորդոյից գնացքով ժամանելու Փարիզ:

Ցույցերի հերթական ալիքի պատճառ է դարձել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ մարտի 22-ի հայտարարությունը, որ կենսաթոշակային բարեփոխումները գործի կդրվեն մինչև այս տարվա վերջ: Բարեփոխումների ծրագրով նախատեսվում է կենսաթոշակային տարիքը 62-ից բարձրացնել 64-ի:

ajax-loader