ՀՀ մաքսակետերում ձևակերպումների ժամանակը 40-60%-ով կրճատվել է

Միեւնույն տրանսպորտային միջոցով տարբեր առաքողներից տարբեր ստացողների անունով փոխադրվող ապրանքները ՀՀ սահմանային մաքսային մարմնից ՀՀ ներքին մաքսային մարմին տեղափոխելու համար այժմ լրացվում է մեկ տարանցման հայտարարագիր։

ՊԵԿ-ից հայտնել են, որ որոշման պահանջները ուժի մեջ մտնելուց հետո սահմանային մաքսակետերում էապես կրճատվել է ապրանքների մաքսային ձեւակերպումների վրա ծախսվող ժամանակը, ինչի արդյունքում նվազել են նաեւ հերթերը։

Այսպես, Արեւելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում, հավաքական բեռների համար մեկ տարանցիկ հայտարարագիր ներկայացնելով, լրացման ժամկետի արդյունավետությունը բարձրացել է 2-ից 2.5 անգամ։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` փետրվարի 24-ից մինչեւ մարտի 3-ը, ձեւակերպվել է 1270 տարանցման հայտարարագիր, որով սպասարկվել է 1270 բեռնատար տրանսպորտային միջոց եւ 2170 տնտեսվարող սուբյեկտ: Իսկ որոշմանը նախորդող նույն ժամանակահատվածում ձեւակերպվել է 1744 տարանցման հայտարարագիր, որով սպասարկվել է 895 տրանսպորտային միջոց:

Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնում մեկ տրանսպորտային միջոցով տեղափոխվող ապրանքների ձեւակերպումների վրա սահմանային մաքսային մարմնում ծախսվող ժամանակը կրճատվել է 40-ից 50%-ով։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` փետրվարի 24-ից մինչեւ մարտի 3-ը, ձեւակերպվել է 628 տարանցման հայտարարագիր, սպասարկվել՝ 592 բեռնատար տրանսպորտային միջոց եւ 2020 տնտեսվարող սուբյեկտ: Իսկ փոփոխությանը նախորդող համադրելի ժամանակահատվածում լրացվել է 1083 տարանցման հայտարարագիր, որով սպասարկվել է 472 տրանսպորտային միջոց:

Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնում որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եւս էապես կրճատվել է հավաքական բեռների համար «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձեւակերպումների վրա ծախսվող ժամանակը՝ 50-ից 60%-ով։ Փետրվարի 24-ից մինչեւ մարտի 3-ը ձեւակերպվել է 1365 տարանցման հայտարարագիր, որով սպասարկվել են 1279 տրանսպորտային միջոց եւ 1711 տնտեսվարող սուբյեկտ:

Իսկ փոփոխությանը նախորդող նույն ժամանակահատվածում Մեղրիի մաքսային կետ-բաժնում լրացվել է 1287 տարանցման հայտարարագիր, որով սպասարկվել է 1054 բեռնատար տրանսպորտային միջոց:

ajax-loader