Միջպետական և հանրապետական ճանապարհների նորոգման համար կհատկացվի 382 մլն դրամ

Հայաստանում առաջարկվում է միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհների միջին նորոգման համար հատկացնել 382 մլն դրամ գումար:

«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի համապատասխան որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ և գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին նախագիծը հավանություն ստացավ կառավարության նիստում:

«Նախագծով առաջարկվում է միջպետական, հանրապետական ճանապարհների միջին նորոգման համար գումար հատկացնել՝ 382 մլն դրամ: Դա մի քանի նախագծերի՝ հիմնականում նախորդ տարի իրականացված և չավարտված նախագծերի համար է: Մասնավորապես 382 մլն-ից 135 մլն-ը 3 ծրագրերի համար է, մեկը՝ Սյունիքի մարզում Գորիսից դեպի Տեղ գյուղ հատվածի աշխատանքներն ավարտելու, մյուսը՝ Իսահակյան-Գյումրի ճանապարհի Արտենի-Արագածավան-Թլիկ բնակավայրերի հատվածում, մյուսը՝ Մ2 ճանապարհից դեպի Ջերմուկ հատվածի աշխատանքներն ավարտելու համար»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարը հայտնեց, որ այս հատվածներում հիմնական ասֆալտապատման աշխատանքները նախորդ տարի ավարտվել են, բայց գծանշման և որոշակի այլ աշխատնքներ են մնացել:

Միջին նորոգման աշխատանքները ենթադրում են ասֆալտի վերին շերտի՝ 4-6 սմ հաստությամբ հեռացում և նոր շերտի տեղադրում: Սանոսյանի խոսքով՝ դրանով 5-7 տարով երկարացվում է ճանապարհի կյանքը:

ajax-loader