Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց, թե ինչ բարեփոխումներ են նախատեսում իրականացնել Երևանի տրասնպորտային համակարգում։ Կառավարության նիստի ժամանակ Ավինյանը նշեց, որ «Գազել» մակնիշի միկրոավտոբուսները շահագործումից հանելուց հետո ավտոբուսների ներկա քանակը բավարար չէ Երևանի ողջ տրանսպորտային խնդիրը լուծելու համար։ Ըստ նրա՝ խնդիրն էականորեն լուծվելու է, երբ 237 նոր ավտոբուսները մտնեն ցանց, նաև կան չինական ավտոբուսներ, որոնք ևս վերանորոգվում են և մտնում ցանց։
«Խնդիրը էականորեն մեղմվում է, բայց սա դեռ համակարգային լուծում չէ։ Այս տարվանից մենք ունենք միասնական տոմսային համակարգի ներդրման հաղթող․ միասնական տոմսային համակարգ է ներդրվելու և ավտոբուսներում, և մետրոյում։ Ավտոբուսների և մետրոյի ցանցի աշխատանքը համադրվելու է իրար հետ ու բերվելու է մի տրամաբանության։ Ավտոբուսների առանձնացված գծեր ենք սկսելու ունենալ հավանաբար այս տարվանից, ինչն առավելություն է տալու մարդկանց, ովքեր օգտվում են ավտոբուսից։
Ավտոբուսները խցանումների մեջ չեն ընկնելու, և մեր նպատակն է բոլորին հնարավորինս մղել հանրային տրանսպորտ, որ քաղաքի բեռնաթափումը, խցանումների ծավալը նվազեցնենք։ Նոր կանգառներ և կանգառասրահներ ենք տեղադրելու, և, ամենակարևորը, ունենալու ենք կառավարման համակարգ, որը այս տարի չենք հասցնի ամբողջական ավարտել։ Այն շատ պարզ բան է տալու մարդկանց՝ կանգառներում ու կանգառասրահներում մարդիկ հստակ իմանալու են՝ որ ավտոբուսը որ ժամին է լինելու կանգառում և կարողանալու են պլանավորել երթուղին»,- ընդգծեց Ավինյանը։