2020 թ.-ի 44-օրյա պատերազմից հետո կնքված հրադադարը չի պահպանվում, ավելին՝ հրադադարը մի քանի անգամ խախտվել է՝ հանգեցնելով հարյուրավոր զոհերի և Ադրբեջանի զորքերի կողմից Հայաստանի արևելքում ու հարավ-արևելքում երկրի ինքնիշխան տարածքի բռնազավթման: Այդ մասին նշվում է Եվրոպական խորհրդարանի զեկույցում ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ:
Փաստաթղթում հիշատակվում են Լաչինի միջանցքով քաղաքացիական երթևեկության արգելափակումը, սեպտեմբերյան մարտերի ժամանակ ռազմագերիների խոշտանգումները, 2020 թ.-ին և 2021 թ.-ի սկզբին քաղաքացիական անձանց, այդ թվում՝ տարեցների նկատմամբ ոտնձգությունները և արտադատական հաշվեհարդարները:
«ԵՄ-ն պատրաստ է ակտիվ դերակատարում ունենալ՝ որպես հուսալի առևտրային գործընկեր և արդար միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու գործում՝ իր գործողությունները հիմնելով ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների հանդեպ հարգանքն առաջ մղելու վրա»,-նշում են զեկույցի հեղինակները՝ հավելելով, որ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած հակամարտությունն ազդեցություն է ունեցել Հարավային Կովկասի վրա և է՛լ ավելի է բարդացրել տարածաշրջանի անվտանգային իրավիճակը:
Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև հարաբերությունների կարգավորման՝ Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքներին և դրանց առնչությամբ Հայաստանի արձագանքին:
Փաստաթղթում նաև հիշատակվում է Արդարադատության միջազգային դատարանի՝ 2021 թ. դեկտեմբերի 7-ին որոշումը՝ կապված Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացման գործում Ադրբեջանի իշխանությունների ներգրավվածության հետ:
Զեկույցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մեծապես խոչընդոտել է Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացումն ու կայունությունը և ավելի լայն իմաստով ազդում է Եվրոպական կայունության վրա:
«Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է 2022 թ.-ի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքում բազմաթիվ թիրախների դեմ լայնածավալ ռազմական ագրեսիան… դատապարտում է ռազմական ներխուժումները, որոնք 2021 թ.-ի մայիսից ի վեր իրականացվել են չսահմանազատված սահմանով, բոլոր ուժերին կոչ է անում վերադառնալ իրենց ելման դիրքեր, դատապարտում է խաղաղության գործընթացը խաթարող ցանկացած փորձ և բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից», – նշված է զեկույցում:
Եվրոպական խորհրդարանը նաև մտահոգություն է հայտնում Ադրբեջանում պահվող հայ գերիների ճակատագրի առնչությամբ, դատապարտում է Բաքվում, այսպես կոչված, «Ռազմավարների զբոսայգու» բացումը, ողջունում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու շուրջ համաձայնագիրը և խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունների միջև երկկողմ շփումները:
Միևնույն ժամանակ նշվում է, որ Ադրբեջանի հետ քաղաքական և էներգետիկ ոլորտում գործընկերությունը խորացնելուց առաջ Ադրբեջանը պետք է բարելավի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված իրավիճակը, որը «դեռ գնահատվում է շատ բացասական»: Անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանում առկա կոռուպցիային, կանանց դեմ բռնություններին, խոսքի ազատության սահմանափակումներին:
Ամբողջական զեկույցը կարող եք կարդալ այստեղ: