Խաղի նոր կանոններ՝ նոր օրենքով․ ՀՀ-ն կարգավորում է արժութային վերահսկողությունը

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 13-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է տրվել ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը։

Ըստ նրա՝ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ բանկերը եւ վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիպոտեկային կրեդիտները կարող են տրամադրել միայն ՀՀ դրամով, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց բնակարանային հիպոտեկային կրեդիտները` նաեւ արտարժույթով:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ վերջին տարիներին աճել է ֆինանսական եւ ոչ ֆինանսական ակտիվների, արտարժույթի փոխարժեքի տատանողականությունը, ինչն արտարժույթով վարկ ունեցող քաղաքացիների համար մեծ ռիսկեր կարող է առաջացնել:

Վերջինս հատկապես բնորոշ է խոշոր եւ երկարաժամկետ բնակարանային հիպոտեկային վարկերի դեպքում: Մասնավորապես, արտարժույթով վարկի գործողության առաջին եռամսյակում արտարժույթի 25 տոկոսով արժեւորման հավանական սցենարի դեպքում, հիպոտեքային վարկի սպասարկման բեռը սկզբնական բեռի համեմատ կաճի շուրջ 25 տոկոսով, եւ նույնիսկ կգերազանցի համադրելի ժամկետով դրամային վարկի սպասարկման ընդհանուր բեռին:
Առաջին ընթերցումից հետո կառավարությունը ներկայացրել է խմբագրական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են:

ԿԲ նախագահի տեղակալի հավաստմամբ՝ օրենքի նախագծով նոր խաղի կանոններ են ներմուծվում, որոնք միտված են ապագային եւ շատ կարեւոր գործիք են:

ajax-loader