Շինարարի դուստրը՝ ճանապարհաշինության ոլորտի ներդրող

Ճանապարհաշինությունը կամ ճանապարհների ընթացիկ պահպանությունը միայն տղամարդկանց աշխատանք չէ։ Ոլորտում կան բազմաթիվ կանայք, որոնք ընդգրկված են այս պատվաբեր գործում, ղեկավարում են ճանապարհաշինական կազմակերպություններ, ապահովում են ճանապարհային երթևեկության անվտանգությունը, կատարում են բազմաթիվ այլ աշխատանքներ։ Ֆեյսբուքյան պաշտոնական էջում նման գրառում է կատարել Ճանապարհային դեպարտամենտը։

Դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, գրված է․

«Մեր զրուցակիցն այսօր Ֆլորա Անտոնյանն է՝ Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում ճանապարհների ընթացիկ պահպանում իրականացնող «Լևոն Երկրորդ» ՍՊԸ-ի տնօրենը։
Տիկին Ֆլորան «Լևոն Երկրորդ» ՍՊԸ-ն ղեկավարում է 2006 թվականից՝ շարունակելով ամուսնու՝ Լևոն Անտոնյանի գործը։

Շինարարի դուստր է, երկար տարիներ էլ ոլորտում աշխատել է որպես հաշվապահ, սերտորեն համագործակցել է ինժեներների, շինարարների հետ, կատարել ու կատարում է ամենատարբեր բնույթի գործեր, այնպես որ՝ ծանոթ է շինարարության բոլոր նրբություններին ու գաղտնիքներին։ Ասում է, որ շինարարների հետ կյանքի մի ամբողջ դպրոց է անցել։

Ֆլորա Անտոնյանը ճանապարհաշինության ոլորտում ունեցած մեծ ներդրման համար արժանացել է կառավարական և բազմաթիվ այլ պարգևների, Նոյեմբերյան քաղաքի պատվավոր քաղաքացի է, նրա ղեկավարած կազմակերպությունն աջակցել է նաև սահմաններին տարվող աշխատանքներին։

Այժմ տիկին Ֆլորայի ղեկավարությամբ իրականացվում է Նոյեմբերյանի և Իջևանի տարածաշրջանների շուրջ 182կմ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանում։ Նա դեմ է այն ձևակերպմանը, թե ճանապարհների հետ պետք է գործ ունենան միայն տղամարդիկ։ Ըստ տիկին Ֆլորայի՝ կինը ճանապարհաշինական աշխատանքները շատ ավելի լավ է կատարում, կանացի խնամքով է սպասարկում ճանապարհները։

Առավոտյան ժամը 7-ից գործի մեջ է, իսկ ձմռանը ձյան տեղումների ժամանակ գրեթե շուրջօրյա է աշխատում իր կոլեկտիվի հետ։ Ասում է՝ ապրում է իր գործով, անգիր գիտի իր տարածաշրջանի ճանապարհների ամեն մի թուփը։

«Լևոն Երկրորդ» ՍՊԸ-ի կին տնօրենը խորհուրդ է տալիս երիտասարդ աղջիկներին ընտրել ճանապարհաշինարարի մասնագիտությունը․ այն հեռանկարային է ու հետաքրքիր։

Հ.Գ.- «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն առաջիկայում կանդրադառնա ճանապարհային ոլորտում ընդգրկված այլ կանանց ու նրանց գործունեությանը»։

ajax-loader