Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ ավելի քան 85 տարի անց Թեհրանն ԱՄՆ-ից վերադարձրել է Աքեմենյան ժամանակաշրջանի 3506 արձանագրություն։ Այդ մասին հաղորդում է ԻՐՆԱ գործակալությունը։
Նշվում է, որ Ռայիսին այդ մասին հայտնել է ԱՄՆ եռօրյա ուղևորությունից վերադառնալիս․ Նյու Յորքում Իրանի նախագահը մասնակցում էր ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանին։
Ռայիսին նշել է, որ այցի ընթացքում 20 հանդիպում և շփում է ունեցել տարբեր քաղաքական գործիչների հետ և լսելի է դարձրել Իրանի ժողովրդի ձայնը։
Իրանի նախագահի խոսքով՝ Մշակութային ժառանգության նախարարության և Արտաքին գործերի նախարարության հետագա քայլերի շնորհիվ հնարավոր է դարձել իրանական ժառանգության վերադարձը։
«Մենք 3506 արձանագրություն ենք վերադարձրել երկիր, մնացած արձանագրությունները կվերադարձվեն շուտով», – ասել է Իրանի նախագահը՝ նաև շեշտելով, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին այցելությունը հնարավորություն էր՝ տեղ հասցնելու և պարզաբանելու իրենց դիրքորոշումները։