Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցին Հայաստանի կողմից հետախուզում է սպանության մեղադրանքով

Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաստատում է, որ Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիի նկատմամբ կա հայտարարված միջպետական հետախուզում՝ սպանության մեղադրանքով։ Այդ մասին ասաց Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով Քամիլ Զեյնալիի հայտարարություններին, թե Մոսկվայում իրեն ձերբակալել են, քանի որ իր նկատմամբ Հայաստանի կողմից միջազգային հետախուզում է հայտարարված։

«Նշված անձի նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում»,- ասաց Սարգսյանը։

Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալին ավելի վաղ հայտարարել էր, որ իրեն ձերբակալել են Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում և տեղափոխել ոստիկանական բաժանմունք։ Զեյնալին նշել էր, որ ոստիկաններն իրեն հայտնել են, որ իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված Հայաստանի կողմից։ Նա նաև նշել էր, որ փետրվարի 21-ին կկանգնի ռուսական դատարանի առաջ։

ՀՀ գլխավոր դատախազությունից նշել էին, որ Մոսկվայում Քամիլ Զեյնալիի ձերբակալության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության չեն տիրապետում։

Թեմային ավելի վաղ արձագանքել էր նաև Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը՝  նշելով, որ Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխան իրավական քայլեր և դիվանագիտական ջանքեր են ձեռնարկում Քամիլ Զեյնալիի իրավունքներն ապահովելու համար։ 

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ Քամիլ Զեյնալին մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, որի ընթացքում իրականացրել է ռազմական հանցագործություններ, մասնավորապես սպանել է խաղաղ բնակչի։ 

ajax-loader