Արագածոտնում Արցախից 3017 բռնի տեղահանված կա

Արագածոտնի մարզում հոկտեմբերի 3-ի ժամը 16:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և հաշվառված անձանց թիվը  3017 է: Այդ մասին հոկտեմբերի 3-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը:

«Նրանցից 478-ը հյուրանոցներում ու հյուրատներում է,  2539-ը՝ բնակարաններում և սեփական տներում: Աշտարակ խոշորացված համայնքում 2305 անձ է, նրանցից  390-ը հյուրատներում և հյուրանոցներում է, իսկ բնակարաններում, սեփական տներում՝  1915 մարդ է: Ապարան խոշորացված համայնքում հյուրընկալվել է 354 անձ, հյուրանոցներում և հյուրատներում է մնում 57 անձ, իսկ սեփական տներում, բնակարաններում՝ 297 մարդ:  Թալին խոշորացված համայնքում 264 մարդ է,  նրանցից 31-ը հյուրընկալվել է հյուրանոցներում և հյուրատներում, իսկ 233-ը՝ բնակարաններում և սեփական տներում:  Ծաղկահովիտ խոշորացված համայնքում 94 անձ է»,-ասաց Մովսիսյանն ու հավելեց՝ Ծաղկահովիտում չկան հյուրատներ և հյուրանոցներ, ուստի բռնի տեղահանվածները հյուրընկալվել են բնակարաններում ու սեփական տներում:

Նրա խոսքով՝ այս պահին   մարզում  հաշվառում անցած և տներում բնակեցված  2539 անձից 2086-ը ստացել է սնունդ,  իսկ հյուրանոցներում, հյուրատներում սննդի հարցը հոգում են տնտեսվարողները:

«Դպրոց է ընդունվել 150 երեխա: Տրանսպորտի հարցը կազմակերպում է ՀՀ կառավարությունը»,-շեշտեց մարզպետը:

Մովսիսյանն ասաց՝ աշխատանքներ են տարվում հյուրանոցներից ու հյուրատներից մարդկանց սեփական տներում բնակեցնելու ուղղությամբ:  Նա բոլորին խնդրեց այդ հարցում աջակցել իրենց:

«Գործում է թեժ գծի հեռախոսահամար, որն է՝ 0232-3-24-64-ը: Այս հեռախոսահամարով կարելի է զանգել ցանկացած խնդրի դեպքում»,-եզրափակեց մարզպետը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ:

ajax-loader