Պակիստանում ճոպանուղով դպրոց գնացող երեխաները կախված են մնացել գրեթե 300 մ բարձրության վրա

 Պակիստանում 6 երեխա և 2 ուսուցիչ կախված են մնացել կիրճում՝ 274 մ բարձրության վրա այն բանից հետո, երբ պոկվել է ճոպանուղու երկու ճոպաններից մեկը։ Reuters գործակալությունը հաղորդում է, որ ուղղաթիռով «չափազանց վտանգավոր» փրկարարական գործողությանը խոչընդոտում են ուժգին քամիները։

Երեխաները, որոնք Բաթագրամի լեռնային շրջանում կիրճի վերևում ճոպանուղուց կախված են տեղի ժամանակով առավոտյան ժամը 7-ից (Երևանի ժամանակով ժամը 6-ից), գնում էին ավագ դպրոց։

Պակիստանի աղետների կառավարման պետական վարչությունից հայտնել են, որ փրկարարական գործողությունների համար ուղարկվել է ռազմական երկու ուղղաթիռ, սակայն անսարքությունը վերացնել չի հաջողվել։ Ճոպանուղու նստարանը կախված է օդում՝ միայն մեկ ճոպանից։

Փրկարարական ծառայության պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել է, որ երեխաներից մեկը շոգից և վախից ուշագնաց է եղել։ Նա նաև նշել է, որ փրկարարական գործողությունը բարդացել է ուժգին քամիների պատճառով, նաև այն պատճառով, որ ուղղաթիռների պտուտակների թևերը կարող են ավելի շատ տարուբերել ճոպանուղին։

Ըստ անվտանգության ծառայություններում գործակալության աղբյուրի՝ հատուկ ծառայությունների զորքերը նույնպես մասնակցում են այս «չափազանց վտանգավոր և ռիսկային գործողությանը»։

Պակիստանի հյուսիսային լեռնային շրջաններում մարդիկ մի գյուղից մյուսը տեղաշարժվելու համար հաճախ օգտվում են ճոպանուղուց։

Պակիստանի ժամանակավոր կառավարության ղեկավարը հանձնարարել է ստուգել երկրի բոլոր ճոպանուղիների անվտանգությունը։

ajax-loader