Հունաստանի ափերին միգրանտների նավի նավաբեկության հետևանքով ավելի քան 300 պակիստանցի է զոհվել

Հունաստանի ափերի մոտ հունիսի 14-ին նավի խորտակման հետևանքով 300-ից ավելի պակիստանցի է զոհվել: Նման տվյալներ է հրապարակել Պակիստանի սենատի նախագահ Մուհամմադ Սադիք Սանջրանին: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆն այսօր երկրում համազգային սուգ է հայտարարել՝ ի հիշատակ ողբերգական նավաբեկության զոհերի:

Պակիստանը գտնվում է վերջին տասնամյակների ընթացքում ամենածանր տնտեսական ճգնաժամում, և շատ պակիստանցիներ տարբեր վտանգավոր ուղիներով փորձում են հասնել Եվրոպա:

Հունաստանի իշխանությունները դեռ չեն հայտարարել նավաբեկության հետևանքով զոհված պակիստանցիների հստակ թիվը:

Հունիսի 14-ին Հունաստանի ափերի մոտ խորտակվել էր Լիբիայից դեպի Իտալիա ուղևորվող նավը, որի տախտակամածին, ըստ ՄԱԿ-ի միգրացիայի գործակալության, ավելի քան 750 միգրանտ է եղել, այդ թվում՝ երեխաներ: Նավաբեկության հետևանքով հարյուրավոր մարդիկ են մահացել: Նրանց թիվը դեռ վերջնական չէ: Սա համարվում է Միջերկրական ծովում տեղի ունեցած ամենաողբերգական վթարներից մեկը:

ajax-loader