Չինաստանը հաջողությամբ արձակել է Long March 4C հրթիռը, որը տիեզերք է բարձրացրել Yaogan 33(03) արբանյակը՝ երրորդը Չինաստանի Yaogan 33 հեռակառավարման արբանյակների շարքում: Արձակումը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող արբանյակների արձակման Ցզյուցյուան կենտրոնից։
Ինչպես տեղեկացրել է Չինաստանի օդատիեզերական կորպորացիան (CASC), արբանյակի ուղեծիրը մոտ 688 կիլոմետր բարձրություն ունի և բաշխված է շրջանաձև բևեռային հետագծի երկայնքով: Արբանյակի տեղաշարժերը վերահսկվում են ԱՄՆ տիեզերական ուժերի կողմից։
Չինաստանի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ Yaogan 33 (03)-ը կօգտագործվի գիտափորձեր անցկացնելու, բնական ռեսուրսների ուսումնասիրման, մշակաբույսերի բերքատվությունը գնահատելու և արտակարգ իրավիճակները կանխելու և դրանց արձագանքելու համար: Սակայն առաքելության մանրամասներն ու արբանյակի առանձնահատկությունները չեն բացահայտվում։
Ըստ նախնական տվյալների՝ արբանյակը, ամենայն հավանականությամբ, SAR տիեզերանավերի շարքի մաս է կազմում։ Դրանք թույլ են տալիս երկրի մակերեսի մանրամասն պատկերներ ստանալ նույնիսկ ամպերի միջով և գիշերային ժամերին:
Արբանյակը միացել է երկու Yaogan 33 շարքի արբանյակներին, որոնք արդեն Երկրի ուղեծրում են: Նախկինում արձակված մեկ այլ արբանյակ, որը պետք է կոչվեր Յաոգան 33, ոչնչացվել է Long March 4C հրթիռի անհաջող արձակման ժամանակ 2019-ին։
Այս առաքելությունները Չինաստանի 39-րդ և 41-րդ ուղեծրային արձակումն էին 2023-ին։ Սեպտեմբերի 5-ին, մինչ այս արձակումները, տեղի ունեցավ չինական Galactic Energy առևտրային ընկերության առաջին ծովային արձակումը Ceres-1 պինդվառելիքային հրթիռի միջոցով: