Հնդկաստանում գնացքների ողբերգական վթարից 3 օր անց ապրանքատար գնացք է դուրս եկել ռելսերից

Հնդկաստանի Օդիշայի նահանգի Բարգարհ շրջանում կրաքարեր տեղափոխող ապրանքատար գնացքը դուրս է եկել ռելսերից, գնացքի 5 վագոնները շրջվել են: Այս մասին հաղորդում է Times of India պարբերականը:

Ըստ իշխանությունների՝ դեպքը տեղի է ունեցել մասնավոր երկաթգծի վրա Դունգրիի կրաքարի հանքերի և ցեմենտի գործարանի միջև: Իշխանություններն ընդգծել են, որ այս երկաթգիծը վերահսկվում է բացառապես մասնավոր ընկերության կողմից, և Հնդկաստանի երկաթգծային ընկերությունը դրա հետ որևէ առնչություն չունի:

Գնացքի վագոնների շրջման հետևանքով տուժածներ չկան:

Times of India-ն հիշեցնում է, որ այս միջադեպը տեղի է ունեցել Օդիշայի նահանգի Բալասոր քաղաքում երեք գնացքների բախումից ընդամենը երեք օր անց: 2 մարդատար և 1 բեռնատար գնացքների վթարի հետևանքով առնվազն 275 մարդ է զոհվել, ավելի քան 1000 մարդ վիրավորվել է:

Հնդկաստանի երկաթուղիների նախարար Աշվինի Վայշնավը հայտարարել էր, որ գնացքների բախման պատճառ է դարձել էլեկտրոնային արգելակման համակարգի խափանումը: Կատարվում է հետաքննություն:

ajax-loader