Գավառի թիվ 3 դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել չարաշահումներ կատարելու համար

Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում  ավարտվել է «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հով­հաննես Թու­մանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱ կազմակերպությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի՝ վեց մեղադրյալի մասով նախաքննությունը

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել և իրականացվել են մի շարք ապացուցողական և վարութային գործողություններ, որի արդյունքում հիմնավորվել է, որ «Գավառ քաղաքի Հով­հաննես Թու­մանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց»-ի նախկին տնօրենը, 2003 թվականից զբաղեցնելով հիշյալ պաշ­տոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով յուրացում կա­տա­րելու դիտավորությամբ, 2006-2020 թվականների ընթացքում, թվով 8 անձանց հրամանա­գրել է նշված դպրոցի տարբեր հաստիքներում /պահակի, հնոցապանի, հավաքարարի/ և յուրաքանչյուր ամիս շարու­նակաբար կազմել, իր ստորագրությամբ և դպրոցի կնիքով վավերացրել է պաշտո­նա­կան փաստաթուղթ հան­դիսացող, իրավաբանական նշանակության փաստեր հաստա­տող, բովանդակությամբ կեղծ աշխատաժամանակի հաշվարկի և աշխա­տա­վար­ձի վճարային տեղե­կա­գրերը, որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել՝ նշված անձանց կողմից իբր աշխատանքի պատշաճ հաճախելու և իրենց աշխա­տան­­քային պարտա­կանութ­յունները կատարելու վերաբերյալ:

Այնուհետև, բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաս­տա­թղթերն օգտագործելու նպատակով, դրանք հանձնել է իրավասու մարմնին՝ վճարման, որի արդ­յունքում նշված ժամանակահատվածում, յուրաքանչյուր ամիս, նրանց փոխարեն և նրանց անվամբ ելքագրված աշխատավարձի գումարները վատնելու եղանակով, հիշյալ անձանց օժանդակությամբ, մեկ միասնական դիտավորությամբ, հափշտակել է պե­տա­կան բյու­ջեի միջոցներից տարիների ընթացքում դուրս գրված ընդհանուր առանձնապես խո­շոր չա­փերի՝ շուրջ 14.307.433 ՀՀ դրամ:
Բացի այդ, դպրոցի տնօրենը, 2008-2019 թվականների ընթացքում իր պաշտո­նեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ շահա­գրգռվա­ծությունից ելնելով, դպրոցում սովորող 11 անձանց կողմից տևական ժամանակով Հայաստանի Հանրապետությունից բացակայելու և դպրոց չհաճախելու պայմաններում չի կատարել իր գործառութային պարտականությունները:

Մասնավորապես՝ օրենքով սահմանված կարգով նշված աշակերտներին դպրոցից հեռացնելու փոխարեն, դպրոցում աշակերտների թվաքանակի նվազմամբ պայմանավորված ֆինանսավորման չափը չնվազեցնելու շահադիտական դրդումներով, միասնական դիտավորությամբ, հանձնարարել է դպրոցի մանկավարժական անձնակազմին անտեսել նրանց բացակայությունները, դասամատյաններում կեղծ գրառումներ կատարել՝ վերջիններիս դպրոց հաճախելու, գնահատականներ ստանալու վերաբերյալ, որից հետո դրանց հիման վրա հետագայում կազմել և այդ անձանց է հանձնել հիմնական կամ միջնակարգ կրթության մասին պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ավար­տական վկայականներ՝ այդ կերպ հեղինակազրկելով պետական կազմակեր­պութ­յունը, խաթարելով հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահե­րին:

Ձեռք բերված փաստերի հիման վրա դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով:
Եվս հինգ անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեա­կան օրենս­գրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Քրեական վարույթով վեց մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը:

Երկու անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեա­կան օրենս­գրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և հայտարարվել հետախուզում: Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել՝ վերջինիս մահվան հիմքով:

Պատճառված վնասը վերականգնելու իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, դպրոցի տնօրենի անշարժ և շարժական գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել:
6 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են հսկող դատախազին:

ajax-loader