Հունաստանում 3-րդ օրն է՝ պայքարում են անտառային հրդեհների դեմ

Հունաստանում շարունակում են պայքարել անտառային հրդեհների դեմ, որոնք սկսվել են ծայրահեղ շոգի պատճառով, նախկին օջախներին ավելացել է հրդեհը Հռոդոս կղզում, տեղեկացրել է Kathimerini-ն։

Հրդեհները շարունակվում են երեք վայրերում՝ Լուտրակի եւ Դերվենոխորիա քաղաքների մոտ, որտեղ դրանք սկսվել են դեռեւս երկուշաբթի օրը, ինչպես նաեւ Հռոդոսում։ Այնտեղ աշխատում են 12 հատուկ ինքնաթիռ եւ 14 հրշեջ ուղղաթիռ։

Ամենաբարդ իրավիճակը Դերվենոխորիայում է, որը դժվարհասանելի տեղանք է եւ ունի խիտ բուսականություն, հրդեհը մշտապես փոխում է ուղղությունը, տեղի են ունենում կրկնակի բռնկումներ։ Մարդիկ տարհանվել են մոտակա բնակավայրերից, ոմանց տներն այրվել են։

Հռոդոսում հրդեհն սկսվել է դժվարհասանելի անտառապատ տեղանքում, բայց օգնում  է այն, որ  քամու ուժգնությունն էապես նվազել է։ Կրակի դեմ պայքարին միացել են տասնյակ մարդիկ՝ հրշեջներ եւ կամավորականներ։

Լուտրակիի մոտ հրշեջներին հաջողվել է թույլ չտալ, որ կրակը մոտենա կարեւոր տրանսպորտային մայրուղուն։ Այրվել են մի քանի բնակելի տներ։

ajax-loader