Զինծառայողների հիփոթեքային վարկի սուբսիդավորման հայտերը գերազանցել են նախատեսվածը

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից զինծառայողների հիպոթեքային վարկի կանխավճարի տրամադրման և դրա տոկոսների սուբսիդավորման ծրագրի համար 2022-2023 թվականին հայտ ներկայացրած բոլոր զինծառայողներին հնարավորություն է ընձեռվել օգտվել դրանից։ Այդ մասին Կառավարության դեկտեմբերի 7-ի նիստում ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով գերատեսչությանը հատկացված միջոցներում վերաբաշխում կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը, որով  գումարներ կուղղվեն «Պաշտպանության ապահովում» ծրագրի «Ռազմական կարիքների բավարարում» միջոցառման շրջանակներում զինծառայողների արտոնյալ և երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով պետական սուբսիդավորումների ֆինանսավորմանը։

«Վերաբաշխվող ընդհանուր գումարը կազմում է 760 միլիոն դրամ։ Այն իրականացվում է 2023 թվականին Պաշտպանության նախարարության խնայողությունների հաշվին»,-ընդգծել է Պապիկյանը։

Նրա խոսքով՝ վերաբաշխում կատարելու  անհրաժեշտությունը ծագել է զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագրում Կառավարության 2023 թվականի մայիսի 18-ի համապատասխան որոշման բարեփոխումների արդյունքում, որոնց համաձայն պետության կողմից վարկի կանխավճարը սահմանվել է հաստատուն թվով՝ 2,5 միլիոն դրամ, նախկին՝ վարկի 10 տոկոսի փոխարեն, որի միջինացված արժեքը կազմում էր 2 մլն 237 հազար 800 դրամ, իսկ վարկի տոկոսների սուբսիդավորումը 5 տոկոս՝ նախկին 3 տոկոսի փոխարեն։

«Բացի այդ, կարևոր է նշել, որ 2022-2023 թվականների ընթացքում հնարավորություն է տրվել ծրագրից օգտվել հայտ ներկայացրած բոլոր զինծառայողներին: Դա գերազանցել է գործող ծրագրով նախատեսված ցուցանիշը։Կառավարության որոշմամբ՝ սահմանված է, որ տարեկան 500 զինծառայող կարող է նման հնարավորությունից օգտվել, սակայն այս տարի հայտ ներկայացրած 1111 զինծառայողի է այդ հնարավորությունն ընձեռվել»,-մանրամասնեց պաշտպանության նախարարը՝ ներկայացնելով, որ  ծրագրի՝ 2019 թվականի գործարկումից ի վեր փաստացի արդեն օգտվել է 1030 զինծառայող, բացի  ընթացիկ տարվա ցուցանիշը:

ajax-loader