«Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի շրջանակում նոյեմբերի 24-ին ժամը 14:00-ին Գյումրու «Վարդանանց» հրապարակում տեղի կունենա միջոցառում՝ պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով:
Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից՝ մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն աշխատակազմի պատասխանատուների, Գյումրի համայնքի և ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցության ժամանակ քննարկվել են կայանալիք միջոցառման կազմակերպչական աշխատանքներին առնչվող հարցեր։
Իրազեկման արշավը նպատակ ունի բարձրացնել ոստիկանության համակարգում, մասնավորապես պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածությունը, միջոցառման ընթացքում կներկայացվեն պարեկային ծառայության ընդունելության մրցույթի փուլերի և հատկապես կին դիմորդների համար սահմանված տեղերի վերաբերյալ մանրամասներ։ Կներկայացվեն նաև պարեկային ծառայողների մասնագիտական առաջընթացի, փորձի փոխանակման և սոցիալական երաշխիքների վերաբերյալ հարցեր։