Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հյուսիսին՝ ընդլայնելով ցամաքային գործողությունը

Իսրայելի զինված ուժերը վաղ առավոտյան օդային և հրետանային ինտենսիվ հարվածներ են հասցրել հյուսիսային Գազային, իսկ իսրայելական զորքերը, տանկեր գործի դնելով, սեղմել են օղակը դեպի Գազայի հատված։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում շարունակել է ընդլայնել իր ցամաքային գործողությունը և ավելի քան 600 ռազմական թիրախ է խոցել Գազայի հատվածում, որտեղ շրջափակված պաղեստինցիները վառելիքի, սննդի և մաքուր ջրի խիստ պակաս ունեն։

Ըստ ԻՊԲ-ի՝ իսրայելական կողմը սպանել է «տասնյակ ահաբեկիչների, որոնք բարիկադավորվել են շենքերում և թունելներում և փորձ են արել հարձակվել զորքերի վրա»։

Պաղեստինյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Իսրայելի ավիահարվածներից տուժել են Գազայի Շիֆա և Ալ-Քուդս հիվանդանոցները, իսկ պաղեստինյան զինյալները իսրայելական ուժերի հետ բախվել են Գազայի հարավային Խան Յունիս քաղաքի սահմանի մոտ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն այս բախումների վերաբերյալ մեկնաբանություն չի արել։

Ավելի վաղ Իսրայելը Գազայի արևմտյան հատվածում տեղակայված մարտական տանկերի լուսանկարներ էր տարածել, իսկ երկրի կառավարությունը կարգադրել էր ընդլայնել ցամաքային գործողությունները։

Reuters-ը հաղորդում է, որ այս ընթացքում Գազայում բավական շատ են լինում հեռախոսային և ինտերնետային կապի խափանումները, իսկ Իսրայելի բանակի գործողությունների մասին շատ մանրամասներ չեն հաղորդվում։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայել ներխուժումից հետո իսրայելական կողմը շրջափակել է Գազան և հարվածներ է հասցնում այնտեղ գտնվող հարյուրավոր թիրախների։ Իսրայելում զոհերի թիվը 1400 է, ևս 239 մարդ գերի է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից։

Պաղեստինյան առողջապահական իշխանությունները հայտնել են, որ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 8005-ի, նրանց թվում կա 3324 երեխա։ 

ajax-loader