ԵԶԲ պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում

Հոկտեմբերի 26-ից Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) անվանական արժեկտրոնային պարտատոմսերը առաջին անգամ կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում:

Տեւական ընդմիջումից հետո Հայաստանի ֆոնդային բորսայում սրանք առաջին միջազգային պարտատոմսերն են։

ԵԶԲ-ն Հայաստանի ֆոնդային բորսայում կցուցակի շուրջ $20 մլն ընդհանուր անվանական ծավալով, $1000 անվանական արժեքով, 36 ամիս շրջանառության ժամկետով եւ տարեկան 6% տոկոսադրույքով 20,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմսեր։ Դրանցով թույլատրվել է հասցեական առեւտուրը եւ ռեպո գործարքների կնքումը։

Հայաստանի ֆոնդային բորսայից հայտնել են, որ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է օգոստոսի 15-ից 31-ը ընկած ժամանակահատվածում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից:

«Եվրասիական զարգացման բանկի պարտատոմսերի ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում լավ ցուցանիշ է առ այն, որ միջազգային կարգավիճակ ունեցող այնպիսի կառույցի կողմից, ինչպիսին ԵԶԲ-ն է, Հայաստանը դիտարկվում է որպես իրացվելիության բարենպաստ հարթակ։ Այս երեւույթը կարող է ազդակ դառնալ այլ միջազգային ընկերությունների համար, որոնք ցանկություն կունենան իրենց պարտատոմսերը տեղաբաշխել եւ ցուցակել Հայաստանի ֆոնդային բորսայում»,- ասված է հաղորդագրությունում։

ajax-loader