Ներմուծող ընկերություններն իրենք կընտրեն լաբորատորիան փորձաքննության համար․ ԱԺ հանձնաժողովը քննարկեց նախագիծը

Կառավարությունը նախատեսում է կանոնակարգել սննդամթերքի ներմուծման փուլում սահմանային վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձարկումների գործընթացը։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը։

«Նախատեսվում է կանոնակարգել սննդամթերքի ներմուծման փուլում սահմանային վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձարկումների գործընթացը։ Մասնավորապես` սահմանել իրավակարգավորում, համաձայն որի սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի փորձաքննության անհրաժեշտության պարագայում ներմուծող կազմակերպությունն ինքն է ընտրելու լաբորատորիան, որը պետք է իրականացնի նմուշառում և համապատասխան փորձաքննություն։

Իսկ փորձարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում ապրանքը տնօրինողը հնարավորություն կունենա իր միջոցների հաշվին նմուշն ուղարկել այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ցանկի համաձայն։ Այդ լաբորատորիայի կողմից տրված պատասխանը կհամարվի վերջնական` մինչև Հայաստանի Հանրապետությունում ռեֆերենս լաբորատորիայի նշանակումը»,- ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ նախագծի ընդունումը հնարավորություն կտա բարելավել լաբորատոր փորձարկումների կազմակերպման գործընթացը։

ajax-loader